ՎԱՀԱԳՆԻՆ ԱԶԱՏ ՉԵՆ ԱՐՁԱԿԻ
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն մի քանի շաբաթ է «Արարատի» առանցքային ֆուտբոլիստ Վահագն Մինասյանը չի մասնակցում թիմի մարզումներին: «Ա1+»-ի ունեցած տեղեկություններով` Մինասյանը չի ցանկանում շարունակել կարիերան Հայաստանի փոխչեմպիոնի կազմում եւ ցանկանում է ստանալ ազատ խաղացողի կարգավիճակ:
Վահագն Մինասյանը, որը նաեւ Հայաստանի հավաքականի խաղացող է, դեռեւս 1 տարվա պայմանագիր ունի «Արարատի» հետ, ուստի միայն ակումբի ղեկավարությամբ թույլտվությամբ կարող է հեռանալ:
«Արարատի» գործադիր տնօրեն Կարո Թոփուզյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց այն լուրը, որը Մինասյանը չի մարզվում թիմի հետ. «Այո, նա արդեն որոշ ժամանակ է` բացակայում է: Նա ցանկանում է ստանալ ազատ խաղացողի կարգավիճակ, բայց մենք դեմ ենք: Մինչեւ 2010 թվականը պայմանագրով նա «Արարատի» խաղացող է»:
Ենթադրվում է, որ Մինասյանի դժգոհության պատճառը 2008թ. եղած աշխատավարձի եւ պարգեւավճարների ձգձգումն է: «Արարատի» ֆուտբոլիստները մի քանի ամիս ուշացումով էին ստանում իրենց հասանելիք գումարները:
«Աշխատավարձների հետ խնդիրներ եղել են, բայց դրանք արդեն անցյալում են: Այժմ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է եւ ժամանակի ընթացքում ավելի լավ է լինելու»,-վստահեցրեց Կարո Թոփուզյանը:
Ինչպես եւ Վահագն Մինասյանը, «Արարատի» մարզումներից որոշ ժամանակ հրաժարվել էր նաեւ թիմի առանցքային պաշտպան Հրայր Մկոյանը: Ըստ Թոփուզյանի` Մկոյանը արդեն վերադարձել է թիմ. «Մի պահ Հրայրը բացակայեց, բայց նա կրկին թիմում է եւ մարզվում է»: