Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՐՍԵՂԻՆ ԴԵՌ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բարսեղ Կիրակոսյանը այսօր օրերին գտնվում է մերձմոսկովյան «Խիմկիի» մարզաբազայում: Կիրակոսյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ առայժմ փորձաշրջան է անցնում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող ակումբում:

«Նախորդ մրցաշրջանում, ինչպես գիտեք, ելույթ էի ունենում «Մաշչուկում», որը անհամեմատ համեստ ակումբ է եւ ելույթ էր ունենում առաջին լիգայում, որտեղից դուրս մնաց: Վերջերս ինձ հրավիրեցին «Խիմկի»: Այժմ փորձաշրջան եմ անցնում: Դեռ պայմանագիր չեմ կնքել», - ասաց Բարսեղ Կիրակոսյանը:

Հայ կիսապաշտպանը ընդգծեց, որ «Խիմկիում» հանդես գալը լավագույն տարբերակներից մեկը կլիներ իր համար. «Այստեղ ծանոթ ֆուտբոլիստներ շատ կան: Դարպասապահը Հայաստանի հավաքականից է` Ռոման Բերեզովսկին: Այստեղ է նաեւ Ռոբերտ Զեբելյանը, որը «Խիմկիի» խաղացող է: Լավ թիմ է, հուսով եմ` ամեն ինչ հաջող կստացվի»:

Ըստ Կիրակոսյանի` ներկայումս ռուսական թիմը մարզվում է արհեստական խոտածածկի վրա. «Առայժմ մարզվում ենք Խիմկիիում: Այստեղ կա արհեստական խոտածածկ, որը թույլ է տալիս մարզվել ողջ տարին»:

Բարսեղը տարիներ առաջ հանդես է եկել նաեւ Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականներում. «Հետեւում եմ հայկական ֆուտբոլի իրադարձություններով: Երբեք հույսս չեմ կորցնում, որ երբեւէ կրկին կհագնեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը»: