ՖՈՒՏԲՈԼ ԿԴԻՏԵՆ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի 2009թ. գավաթի խաղարկությանը կմասնակցեն 8 թիմեր: Նախորդ խաղարկության համեմատ թիմերի քանակը կրճատվել է 6-ով: Ենթադրվում է, որ գավաթի խաղարկությանը կմասնակցեն բարձրագույն խմբի 8 թիմերը:
Գավաթի խաղարկության եւ բարձրագույն խմբի առաջնության անցկացման մասին փոփոխություններ ընդունել է ՀՖՖ գործադիր կոմիտեն, որը արդեն հաստատել է մրցաշարերի անցկացման ժամկետները:
2009թ. Հայաստանի Գավաթի խաղարկությանը մասնակից 8 թիմերը պայքարի մեջ կմտնեն 1/4 եզրափակիչից: Մրցաշարը կմեկնարկի մարտի 17-ին: Հայաստանի Գավաթի խաղարկության հանդիպումները (1/4, 1/2) տեղի կունենան երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին:
Գավաթի խաղարկության վաղ մեկնարկը թույլ կտա Հայաստանի հավաքականի անդամներին խաղային պրակտիկա ձեռք բերել մարտի 28-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Էստոնիա մրցավեճից առաջ:
Իսկ ահա 2009թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի մարտի 21-ին: Այս տարի առաջնության խաղերը տեղի կունենա շաբաթ եւ կիրակի օրերին: Նախորդ տարի առաջնության որոշ հանդիպումներ կայանում էին աշխատանքային օրերին, ինչը դժգոհությունների տեղիք տվեց: Պատահական չէր, որ հանդիպումներից շատերին 50-100 հանդիսական էր ներկա գտնվում:
Հայ ֆուտբոլի երախտավոր Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին (Հակոբ Տոնոյանի ծննդյան օրը):
Առայժմ որեւէ տեղեկություն չկա նոր թիմերի ի հայտ գալու մասին: 2008թ. տարվերջին վերածնվելու քայլեր էր ձեռնարկել «Էրեբունի» ակումբը, որը ժամանակին Հայաստանի առաջնության առաջատար թիմերից էր: Էրեբունի համայնքի ֆուտբոլային մարզադպրոցի տնօրեն, «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը «Ա1+»-ին հայտնեց, որ առայժմ «Էրեբունու» ճակատագիրն անորոշ է: