Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՄՊԻՈՆԸ ՎԵՐՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

Սպորտ


Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը շարունակում է պարտություններ կրել շախմատի Հայաստանի տղամարդկանց 69-րդ առաջնությունում: 3-րդ տուրում Տիգրանը սեւերով զիջեց Ավետիք Գրիգորյանին:


Տիգրան Պետրոսյանը ակնհայտորեն վատ մարզավիճակում է: Բացի այդ մեկնարկային տուրում կրած անհաջողությունից հետո Պետրոսյանը խիստ անվստահ է գործում: Ինչպես եւ առաջին 2 տուրերում այնպես էլ այսօր Հայաստանի հավաքականի խաղացողը մի շարք կոպիտ սխալներ թույլ տվեց եւ 30-րդ րոպեին ստիպված էր հանձնվել իրենից ավելի անփորձ մրցակցին: Պետրոսյանը, որը ամենաբարձր վարկանիշը (2623) ունի առաջնությունում 0 միավորով ընթանում է աղյուսակի վերջնամասում:


Առաջատար Արթուր Չիբուխչյանը մեկնարկային 2 հաղթանակներից հետո 3-րդ տուրում բավարարվեց կես միավորով: Արթուրը սպիտակներով հանդիպեց Արա Մինասյանի հետ, սակայն ռիսկի չդիմեց եւ պարտիան 33-րդ քայլում ավարտվեց խաղաղ ելքով: Փորձառու շախմատիստներ Արտաշես Մինասյանը եւ Աշոտ Անաստասյանը ընդամենը 13 քայլ կատարեցին: Գրոսմայստերները միմյանց նյարդերը չքայքայեցին եւ արագորեն պարտիան ավարտեցին ոչ-ոքի: Նույնպիսի սցենար ունեցավ նաեւ Տիգրան Նալբանդյանի եւ Էլինա Դանիելյանի մրցավեճը:


Իսկ ահա Զավեն Անդրեասյանը եւ Հրանտ Մելքումյանը որոշ ժամանակ պայքարելուց հետո եկան ընդհանուր հայտարարի` վաստակելով կեսական միավոր: