ԱՌԱՋԱԴԻՄԵԼ ԵՆՔ ՄԵԿ ՏԵՂՈՎ
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին 3 ամիսների ընթացքում որեւէ հանդիպում չի անցկացրել, սակայն այսօր ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում հայ ֆուտբոլիստները առաջադիմել են 1 հորիզոնականով:
Այժմ Հայաստանի հավաքականը 112-րդն է աշխարհում: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Լատվիան, որի հետ մեր ընտրանին կհանդիպի փետրվարին, գտնվում է 70-րդ հորիզոնականում:
Լատվիացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանին թույլ կտա վերադառնալ լավագույն 100 հավաքականների շարք:
Ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր տեղում կրկին Իսպանիան է, որը շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականում, իսկ թուրքերը կրկին եզրափակում են լավագույն տասնյակը: Հաջորդը Բելգիայի հավաքականն է, որը 58-րդն է աշխարհում, իսկ Բոսնիան` 61-րդն է:
Էստոնիայի հավաքականը, որին Հայաստանը մարտին հյուրընկալելու է Երեւանում, զբաղեցնում է 118-րդ հորիզոնականը:
Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում ուժեղագույնը Ռուսաստանն է (8), որին հաջորդում են Ուկրաինան (16) եւ Ուզբեկստանը (69): Վրաստանի հավաքականը պահպանել է 108-րդ տեղը, իսկ Ադրբեջանը` 134-րդ:
ԿՓՈԽԻ ՔԱՇԸ
Աշխարհի բացարձակ չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը (Ավստրալիա) մտադիր է փոխել քաշային կարգը: WBC, WBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոնը փետրվարի 7-ին մրցամարտ է անցկացնելու WBA-ի վարկածով չեմպիոն Խորխե Արսեի հետ:
Դարչինյանը համոզված է, որ հաղթելու է այս մրցամարտում: «Չեմ կարծում, որ Արսեի հետ մրցամարտից հետո թեթեւ քաշային կարգում որեւէ մեկը կհամարձակվի մրցել ինձ հետ, քանի որ նրանք կտեսնենք, թե ես ինչ եմ անում Արսեին: Մտադիր չեմ երկար սպասել եւ քաշս կփոխեմ, որտեղ արդեն հնարավորություն կունենամ նոր տիտղոսների համար պայքարել», - հայտարարել է Դարչինյանը:
ՀԱՅԵՐԸ ԹԻՎԸ «ԽԻՄԿԻՈՒՄ» ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը առաջիկա մրցաշրջանում ելույթ կունենա մերձմոսկովյան «Խիմկիիում»: Հայ ֆուտբոլիստը վաղուց ցանկանում էր վերադառնալ այս ակումբ, սակայն ֆինանսական ճգնաժամը Ռոբերտին թողել էր անորոշ վիճակում: Զեբելյանը արդեն մարզվում է «Խիմկիի» հետ եւ նախապատրաստվում Ռուսաստանի 2009թ. առաջնությանը:
Բացի այդ «Խիմկիում» է հայտնվել Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականների նախկին կիսապաշտպան Բարսեղ Կիրակոսյանը, որը 2008թ. ելույթ ունեցավ Ռուսաստանի առաջին լիգայի «Մաշչուկ» թիմում:
Հիշեցնենք, որ «Խիմկիում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոմեն Բերեզովսկին: