ՎՐԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ` ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականը կմասնակցի Վրաստանի 2009թ. առաջնությանը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց 1996թ. ծնված պատանիների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը:
«Հայաստանի եւ Վրաստանի բասկետբոլի ֆեդերացիաների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի այս տարիքային խմբի հավաքականը մարտից մասնակցելու է Վրաստանի 1996թ. ծնվածների առաջնությանը: Այն մեկնարկելու է Թբիլիսիում 9 թիմերի մասնակցությամբ»,-ասաց Արեգ Վաթյանը:
Վրաստանի պատանեկան հավաքականները վերջին տարիներին մեծ հաջողությամբ մասնակցում են Եվրոպայի առաջնություններին: Մարզաձեւը հարեւան երկրում բավական լուրջ հիմքերի վրա Է դրված: Ըստ Արեգ Վաթյանի` Հայաստանի համար մեծ փորձ կլինի Վրաստանի առաջնությունում հանդես գալը. «Մեր հավաքականի կազմում ընդգրկված են տղաներ, որոնք միջազգային հանդիպումների փորձ չունեն: Վրաստանի առաջնությունում ելույթ ունենալը հենց փորձի տեսանկյունից է կարեւոր: Վստահաբար կարելի է ասել, որ առաջնությանը մասնակցելը անհամեմատ արդյունավետ կլինի, քանի մի քանի հավաք անցկացնելը»:
Գլխավոր մարզիչը ընդգծեց, որ ներկայումս ՀԲՖ-ն մեծ հույսեր է կապում 1996թ. ծնվածների հետ. «Մենք ունենք 4 տարվա մարզումային ծրագիր եւ հույս ունենք, որ 4 տարի հետո այս պատանիների շնորհիվ կկարողանանք ունենալ մարտունակ երիտասարդական հավաքական եւ պատճաշ կերպով կմասնակցենք Եվրոպայի առաջնություններին: Որքան ամուր լինի մանկապատանեկան բասկետբոլի հիմքը, այնքան լավ արդյունքներ կունենանք հաջորդ տարիներին»:
Արեգ Վաթյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի 1994-95թթ. ծնվածների հավաքականը նախապատրաստվում է 2010թ. Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին: Հայաստանը մասնակցելու է ընտրական փուլին, որտեղ խաղարկվելու են օլիմպիական խաղերի 19 ուղեգիր: