ԿՈՍՏՈՎԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ՍԱՄՎԵԼԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը մտադիր է առաջիկայում արտասահմանից հրավիրված ֆուտբոլիստների շնորհիվ ուժեղացնել իր կազմը: Ակումբի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ ներկայումս «Բանանցում» փորձաշրջան են անցնում 2 իսպանացի ֆուտբոլիստներ:
Նախորդ մրցաշրջանում «Բանանցում» մեծ թիվ էին կազմում լեգեոներները, սակայն նրանցից թիմում է միայն աֆրիկացի Նոա Կասուլեն, որը հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում: Մյուս լեգեոներներից «Բանանցը» հրաժարվել է, իսկ բուլղարացիներ Սիմեոն Զլատեւը եւ Մարկո Գանչեւը տարբեր խնդիրների պատճառով վերադարձել են հայրենիք:
Չի բացառվում, որ մոտ ապագայում «Բանանց» վերադառանա Հայաստանի հավաքականի խաղացող Սամվել Մելքոնյանը: Վերջինս 2008թ. փետրվարին Արարատ Առաքելյանի հետ միասին տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»: Սամվելին այդպես էլ չհաջողվեց ամրապնդվել հիմնական կազմում: «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը (այս մասնագետը «Մետալուրգում» է հայտնվել «Բանանցից») Մելքոնյանին դուրս է թողել գլխավոր թիմի կազմից, որն այս օրերին Թուրքիայում անցկացնում է հերթական ուսումնամարզական հավաքը: Սամվել Մելքոնյանը այժմ շարունակում է մարզվել «Մետալուրգի» երիտասարդական կազմի հետ:
Արդեն «Բանանց» է վերադարձել թիմի նախկին ֆուտբոլիստ Արտակ Օսեյանը, որը նախորդ մրցաշրջանները անցկացրեց Կապանի «Գանձասարում»: Հնարավոր է, որ առաջիկայում «Բանանցը» հրավիրի եւս մի քանի խաղացողների, որոնք թիմի կհամալրեն մինչեւ Հայաստանի առաջնության մեկնարկը: