ԲԱՆԱԿԸ ԽԱՆԳԱՐԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ին
«Եթե մեր մարզիկներին հաջողվի դուրս գալ եզրափակիչ փուլ, ապա դա կլինի գերազանց արդյունք», - խոսելով շուտով մեկնարկելիք Եվրոպայի գեղասահքի առաջնության մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
Հունվարի 19-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկելիք Եվրոպայի 2009թ. առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են Գեղամ եւ Անի Վարդանյանները: Սահմվել Խաչատրյանը հատկապես մեծ սպասելիքներ ունի Գեղամ Վարդանյանից, որը հանդես է գալու տղամարդկանց պայքարում. «Գեղամը արդեն բավական բարդ վարժություններ է կատարում: Չնայած ծառայելով բանակում` նա երկար ժամանակ զրկված էր մարզվելու հնարավորություն: Պետք է նաեւ հաշվի առնել, որ առաջին անգամ է ելույթ ունենալու նման խոշոր մրցաշարում: Նախքան այս մասնակցել է երիտասարդների աշխարհի առաջնությանը»:
Հայ գեղասահորդները վերջին ամիսներին մարզվել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ինչպես նաեւ ուսումնամարզական հավաք անցկացրել Ռիգայում:
«Օլիմպիական կոմիտեի աջակցությամբ մեր գեղասահորդները Ռիգայում Լատվիայի հավաքականի հետ համատեղ մասնակցեցին ուսումնամարզական հավաքի, որը շատ օգտակար էր Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ: Երեւանում էլ արդեն կան պայմաններ մարզումները բարձր մակարդակով անցկացնելու համար: մարզահամերգային համալիրի սահադաշտը համապատասխանում է բոլոր չափանիշներին», - նշեց գեղասահքի ֆեդերացիայի նախագահը:
Սամվել Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ Հայաստանի մարզիկները Ֆինլանդիայում ելույթ են ունենալու մարզիչ Արմեն Ասոյանի գլխավորությամբ:
Վերջին տարիներին Հայաստանը գեղասահքում ներկայացնում էր հիմնականում Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը: Այս մարզիկները որոշել են հեռանալ պրոֆեսիոնալ սպորտից եւ այժմ Ռուսաստանում մասնակցում են տարբեր շոուների: