Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 5 տարվա ընդմիջումից հետո կրկին Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի: Հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին, երբ հայ ֆուտբոլիստները կհյուրընկալեն Մոլդովայի ընտրանուն:


Վերջին տարիներին Հայաստանը հավաքականը ստուգողական եւ ընկերական հանդիպումներ անցկացնում է արտասահմանում, իսկ ահա Երեւանում նման հանդիպումներ վաղուց չէին կազմակերպվել:


Նախորդ երեւանյան մրցավեճը տեղի էր ունեցել 2004թ. ապրիլին, երբ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանը 1:0 հաշվով առավելության հասավ Թուրքմենստանի նկատմամբ: Այս մրցավեճից հետո Հայաստանը սեփական հարկի տակ անցկացրել է միայն ընտրական փուլի հանդիպումներ:


Հայաստանի եւ Մոլդովայի հավաքականները ծանոթ մրցակիցներ են: Կողմերը միմյանց հետ հանդիպել են 3 անգամ: 2008թ. մայիսին մոլդովացիները Տիրասպոլում հյուրընկալեցին Հայաստանին եւ խաղը ավարտվեց 2:2 հաշվով, թեեւ հայ ֆուտբոլիստները խաղի ընթացքում 2 անգամ առաջ էին անցել հաշվի մեջ:


Օգոստոսի 12-ին կայանալիք մրցավեճը Հայաստանի հավաքականի համար կլինի ուժերի փորձարկման վերջին հնարավորությունը սեպտեմբերի 5-ին Երեւանում Բոսնիայի հետ կայանալիք ընտրական փուլի մրցավեճից առաջ:


Սակայն մինչ օգոստոս Հայաստանը դեռ մի շարք այլ հանդիպումներ է անցկացնելու: Մասնավորապես փետրվարի 12-ին Կիպրոսում մեր ընտրանին ստուգողական մրցավեճ կանցկացնի Լատվիայի հետ: Մարտի 28-ին կվերսկսվի 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլը: Այդ օրը Երեւան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի մրցակիցը կլինի Էստոնիան: Արդեն հայտնի է, որը խաղը սկսվելու է Երեւանի ժամանակով 20:00-ին: