Կամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բնակչի տան մեջ, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով արգելափակվել է ավտոմեքենայում, տեղում մահացել է։
Նրա մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Քիչ առաջ պարեկները պարզեցին, որ մինչև նշված տան մեջ մխրճվելը, «Կամազ»-ը այս վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա բախվել է «Jeep» և «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, «Kia»-ն էլ բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, ու «Կամազ»-ը այդ վիճակով առաջ է ընթացել ու մխրճվել բնակչի տան մեջ։