«Հայֆիլմ»-ը` ԿԳՄՍ նախարարությանը
Աջակցիր «Ա1+»-ինԳործադիր մարմնի վաղվա նիստում որոշում է կայացվելու «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
2015 թվականին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն տեղափոխվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո: Եվ գրեթե մեկ տասնամյակ կինոարդյունաբերական այդ բազմաֆունկցիոնալ կառույցը չի գործում՝ պահպանելով կայուն անկման իրավիճակ: «Ներկայում՝ կինոոլորտի զարգացման և բարեփոխման ծրագրերի իրականացման, ինչպես նաև վերջին տարիներին կինոոլորտում միջազգային համագործակցության ակնհայտ աճողականությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել վերջինիս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը»,- գրված է նախագծում:
Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմ»-ի վերագործարկման ծրագիրը, որը գործելու է որպես ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ միտված կենտրոնացված կինոարդյունաբերական քաղաքի ձևավորմանը: Համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը։
Ակնկալվում է, որ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարման լիազորությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելու արդյունքում հնարավոր կլինի իրականացնել «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք»-ի մասշտաբային ծրագիրը՝ ապահովելով ՀՀ պետական սեփականություն հանդիսացող ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և ստեղծելով արդի պահանջներին համապատասխան կինոարդյունաբերական ենթակառուցվածք: