Վստահ եմ, մեզ հնարավորություն է տրվելու կատարել այդ պատմական փոփոխությունը. Կարապետյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մարտի 25-ին, «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի ներկայացման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ աշխարհում սահմանների պաշտպանության ոլորտում ձևավորվում է նոր մոտեցում՝ «խելացի սահմանի» մոդելը։
Նրա խոսքով՝ այս մոդելի շրջանակում սահմանային առաջին գծում հիմնականում տեղակայվում են տեխնիկական միջոցներ, որոնք մինչև 25 կմ խորությամբ վերահսկում են հակառակորդի կամ սահմանակից կողմի շարժերը և հնարավորություն տալիս ժամանակին ստանալ կանխարգելիչ տեղեկատվություն։ Վերջինս փոխանցվում է կենտրոնական շտաբերին, ինչից հետո արդեն ներգրավվում են համապատասխան ստորաբաժանումները։
Կարապետյանը նշել է, որ այս մոտեցմամբ զինծառայողները մշտապես չեն գտնվում դիրքերում, այլ այնտեղ են տեղակայվում միայն անհրաժեշտության դեպքում։ Ըստ նրա՝ դա թույլ է տալիս կրճատել պոստերում մշտական ծառայություն իրականացնող զինվորների թիվը՝ տեղեկատվական ապահովման հիմնական բեռը փոխանցելով տեխնիկական միջոցներին։
Նա նաև տեղեկացրել է, որ արդեն ընթանում են բանակցություններ համապատասխան ընկերությունների հետ՝ նման համակարգերի ներդրման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այդ ընկերություններից մեկը նմանատիպ պայմանագիր ունի Մերձավոր Արևելքի երկրներից մեկի հետ, և քննարկվում է համագործակցության հնարավորությունը նաև Հայաստանի համար։
Անդրադառնալով ստորագրված հուշագրերին՝ Կարապետյանը նշել է, որ դրանցից մեկը վերաբերում է հատուկ նշանակության ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ ջոկատայինների և ծովային հետևակի վերապատրաստմանը։ Ընկերությունը նման ծառայություններ է մատուցել տարբեր երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի պատերազմի շրջանակում ներգրավված մասնագիտական խմբերին։
Նրա խոսքով՝ համագործակցություն է նախատեսվում նաև հունական ընկերության հետ, որը զբաղվում է զինծառայողների լայն շրջանակի՝ հիմնականում հետևակի, վերապատրաստմամբ։
Անդրադառնալով անվտանգության իրավիճակին՝ Կարապետյանը նշել է, որ Ջերմուկը, որը նախկինում չի դիտարկվել որպես սահմանային բնակավայր և հանդիսացել է զբոսաշրջային կենտրոն, այսօր փաստացի դարձել է սահմանային գոտի։ Նրա գնահատմամբ՝ սա վկայում է տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերների խորացման մասին։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի սուվերեն տարածքների հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է արդյունավետ բանակցային քաղաքականություն։
Կարապետյանի խոսքով՝ իրենց քաղաքական թիմը նպատակ ունի իրականացնել անվտանգության համակարգի խորքային վերափոխում, որը կբարձրացնի զինծառայողների անվտանգությունը և կնպաստի երկրի ընդհանուր կայունության ամրապնդմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։