«Ուզում եք գեղեցիկ ու սիրուն հեքիաթների մասին լսեք, կանչեք Ներսես Երիցյանին»․ Մինասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի մարտի 25-ի նիստում քննարկվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նշել է, որ Կառավարության որոշմամբ հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրվել է Ներսես Երիցյանի թեկնածությունը
Ազգային ժողովում բանավեճ ծավալվեց պատգամավոր Արծվիկ Մինասյանի և Ներսես Երիցյանի միջև։
Մինասյանը, դիմելով գործընկերներին, նշեց, որ եթե ցանկանում են «գեղեցիկ հեքիաթներ լսել», կարող են դիմել Երիցյանին, սակայն ընդգծեց, որ որոշումները չպետք է կայացվեն նրա առաջարկների հիման վրա։
Նա հարցադրում արեց՝ ինչ արժեն այդ «ֆանտազիաները», ինչ ներդրումներ են պահանջում և ով է դրանց ֆինանսավորողը։ Պատգամավորի խոսքով՝ նման մոտեցումների հետևանքով է, որ, իր գնահատմամբ, երկրում այսօր առկա է կապիտալի շուկայի գրեթե զրոյական վիճակ, ինչպես նաև տեղի է ունեցել արժեթղթերի հանձնաժողովի լիկվիդացում։
Մինասյանը որպես «ֆանտազիա» բնութագրեց նաև «չոր նավահանգիստ» նախագիծը՝ նշելով, որ նման ծրագրերը հանգեցրել են ձախողումների։ Ի պատասխան՝ Երիցյանը նշեց, որ հիշատակված նախաձեռնությունները «ֆանտազիա» չեն, այլ զարգացման ծրագրեր։
Նրա խոսքով՝ Հայաստանում հաճախ ցանկացած ռիսկ պարունակող նախագիծ ներկայացվում է որպես ֆանտազիա, ինչը խոչընդոտում է երկրի զարգացմանը։
Երիցյանը օրինակ բերեց Գյումրու տեխնոլոգիական և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները՝ դրանք որակելով որպես հաջողված ծրագրեր։
Նա անդրադարձավ նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղի ծրագրին՝ նշելով, որ խոշոր նախագծերը հաճախ բարդություններ են ունենում, սակայն դրանց արդյունքները տեսանելի են լինելու։ Բացի այդ, Երիցյանը կարևորեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը՝ այն անվանելով հաջողված ծրագիր և նշելով, որ այն ապագայում կարող է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ուղղել կրթության և առողջապահության ոլորտներ։