Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ․ Վահե Հովհաննիսյան
Աջակցիր «Ա1+»-ին«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց մեր կյանքում։ Գործող վարչապետը շարունակեց Ալիևի վերջին ասածները` սեփական ժողովրդին սպառնալով աշնանը հերթական պատերազմով։ Իհարկե, պեռաժկին, ձգվելը, սիբեխը և այլ ապուշություն հանրային կյանքում ավելի կարևորվեցին. ցավոք, սա է մեր այսօրվա լրջությունը, բայց իրականում շատ վտանգավոր մի պրոցեսի սկիզբ դրվեց այսօր։
Երաշխավորված խաղաղության ընդհանրական պատկերացումով ընտրությունների գնացող ընդդիմությանը մեղադրել պատերազմի կուսակցություն լինելու մեջ` նշանակում է օգնել Ալիևին մինչև ընտրությունները նորանոր պահանջներ ու պայմաններ առաջ քաշել, ու ասել. «ես, միայն ես եմ պատրաստ դրանք անելու»։ Կտեսնեք, որ դրանք չեն ուշանա։
Ամենահարմար պահն է ընդդիմադիր ուժերի միասնական պատասխանի համար։ Սեփական հանրությանը հստակ ուղերձ հղելն է միասնությունը, համախմբումը, պետական մտածողությունը։ Ցաք ու ցրիվ պատասխանները չունեն բավարար ուժ չեզոքացնելու գործող վարչապետի հրեշավոր ծուղակը։ Եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա իր նշած ժամկետներում, աշնանը նա ասելու է հետևյալը. 1. Եթե չփոխենք սահմանադրությունը, ապա լինելու է պատերազմ։ 2. Եթե չհամակեպվենք 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալուն, լինելու է պատերազմ։ 3. Եթե Սևանի մի ափը չզիջենք Ադրբեջանին, լինելու է պատերազմ։ 4. Եթե չանենք Ալիևի հերթական որևէ այլ պահանջ, լինելու է պատերազմ։ Ասելու է ու գնա անհոգ սիբեխ ուտելու, ինչպես այսօր։ Վստահաբար այդպես է լինելու։ Եվ այսօր սա պետք է տեղ հասցնել սեփական հանրությանը, որ սեպտեմբերին չկանգնենք հերթական աղետի առաջ։
Մեր ժողովուրդը ցավոք ո'չ 2020-ին հասկացավ, թե իրեն ուր են տանում, ո'չ 2021 –ին, թե իրեն ինչ է սպասում, ու հիմա՝ 2026-ին, կա որոշակի հավանականություն, որ նույնիսկ այսքանից հետո չհասկանա, թե իրեն ինչ է սպասում ընդամենը ամիսներ անց։ Ընդդիմությունը կդառնա միասնական, ընդդիմությունը կունենա իմաստ, եթե սեփական ժողովրդին հանի պատերազմով վախեցնելու և խաղաղությամբ սպառնալու` նիկոլական ծուղակից»։