Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Ճապոնիան, չնայած մարտահրավերներին, կարող է կայուն շուկա դառնալ Հայաստանի համար. Զարուհի Մուրադյան

Հայկական գինեգործությունը փորձում է ամրապնդվել աշխարհի ամենաբարդ, բայց միաժամանակ ամենակայուն շուկաներից մեկում՝ Ճապոնիայում։  FOODEX Japan 2026 միջազգային ցուցահանդեսը ցույց է տվել՝ հետաքրքրությունը հայկական գինիների նկատմամբ նկատելիորեն աճում է։

«Ճապոնական շուկան բավականին բարդ շուկա է, լուրջ աշխատանք պետք է տարվի շուկայում, բայց միևնույն ժամանակ, մասնակցելով և այցելելով հասկանում ենք, որ մեծ ներուժ կա»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Ըստ նրա՝ բյուջեի սահմանափակման պատճառով տարվա ընթացքում մասնակցում են ընդամենը 2-3 ցուցահանդեսի, ուստի ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով գինեգործական ընկերությունների նախընտրությունները և թիրախային շուկաները։

Այս տարի  FOODEX Japan 2026  ցուցահանդեսին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 գինեգործական ընկերություն, մինչդեռ նախորդ տարի դրանց թիվը 10 էր։

«Փաստորեն՝ հետաքրքրությունը գրեթե կրկնապատկվել է»,- ասում է նա։

FOODEX Japan 2026 ցուցահանդեսի ընթացքում հայկական տաղավարում այցելուների թիվը շատ է եղել, ինչը, ըստ Մուրադյանի, վկայում է իրական հետաքրքրության մասին։ Այժմ ընկերությունները գտնվում են այն փուլում, երբ պետք է օգտագործեն ձեռք բերված կապերը՝ արդյունքի հասնելու համար։

Մուրադյանը շեշտում է, որ ճապոնական շուկայի հիմնական առավելությունը կայունությունն է՝ ի տարբերություն Հայաստանի հիմնական արտահանման շուկայի՝ Ռուսաստանի, որտեղ մշտական փոփոխություններն ազդում են արտադրության և արտահանման ցուցանիշների վրա։

 Ճապոնիան տարբերվում է իր գործնական մոտեցմամբ․
«Եթե իրենք տեսնում են, որ հնարավորություն կա հայկական գինի ձեռք բերելու ու վաճառելու, իրենք քայլ են անում՝ և շատ արագ։ Այդ առումով հասկանում ես, որ վստահելի գործընկեր կարող ես ձեռք բերել»։

Նա նաև ընդգծում է, որ ցուցահանդեսները չեն տալիս ակնթարթային արդյունք․ անհրաժեշտ է երկարաժամկետ աշխատանք, համագործակցություն և շուկայում հետևողական ներկայություն։

Նրա խոսքով՝ եթե ճապոնական շուկայում հետաքրքրությունը վերածվի պահանջարկի, հիմնադրամը և պետությունը պատրաստ են ստեղծել համապատասխան գործիքներ՝ գործընթացը հեշտացնելու համար, այդ թվում՝ լոգիստիկայի ուղղությամբ։