Հայաստանի կառավարությունը ձեռք կբերի շախմատի գերհզոր համակարգիչներ
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք կբերի էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ: Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության կայքը, այդ նպատակով ՀՀ կառավարությունը 9 մլն 941 հազար դրամ գումար է հատկացրել շախմատի դպրոցին:
«Նախատեսվում է ձեռք բերել 3 գերհզոր համակարգիչ: Դրանցով մեր հավաքականների անդամներն ու մարզիչներն ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն, վերլուծություններ կանեն և կնախապատրաստվեն կարևոր ստուգատեսներին: Մյուս 7 համակարգիչներով կհամալրվեն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դասարանները, որոնցով մարզադպրոցի 16 մարզիչները կկարողանան կազմակերպել 5-7 տարեկան երեխաների ուսումնական գործընթացը: Մինչ այս շախմատի տուն-մարզադպրոցում համակարգիչներ չենք ունեցել, մարզիչներն իրենց անձնական համակարգիչներով էին իրականացնում պարապմունքները: Վերջին ժամացույցները, շուրջ 30 հատ, ստացել ենք 5-6 տարի առաջ, երբ Հայաստանում անցկացնում էինք Եվրոպայի առաջնությունը: Հավաքածուի մեջ նաև օնլայն տախտակներ և 100 հատ շախմատ է ներառված»,- կայքին տեղեկացրել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը:
Նշենք, որ շախմատի գերհզոր համակարգիչների մասին առաջինը բարձրաձայնել էր Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ ծրագիրն իրականացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով:
«Երբ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը փառահեղ ելույթ ունեցավ Համաշխարհային օլիմպիադայում և գրավեց 2-րդ տեղը, վարչապետն ընդունեց հավաքականին և խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի արդյունքները շարունակական լինեն: Շուտով Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը կունենա շախմատի էլեկտրոնային ժամացույցներ և համակարգիչներ», - ասել է Կարեն Գիլոյանը: