«ՄանՍիթին» ու «Ռեալը» կփորձեն լուծել խնդիրը, իսկ մյուսները` պահպանել շանսերը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կկայանան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի առաջին խաղերը: Մրցակարգով մեկ շաբաթ առաջ 3-րդ տուրում իրար հետ հանդիպած թիմերը կրկին կպարզեն հարաբերությունները:
Այսօրվա խաղերից հատկապես մեծ հետաքրքրությամբ է սպասվում «ՊՍԺ» - «Բենֆիկա» հանդիպումը: Լիսաբոնում կայացած թիմերի առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի արդյունք` 1:1: Կողմերը 7-ական միավորով վստահորեն գլխավորում են աղյուսակը, սակայն նրանց հետապնդող «Յուվենթուսն» այսօր խաղալու է ետնապահ «Մաքաբիի» հետ: Իտալական ակումբը կփորձի տանել երկրորդ անընդմեւ հաղթանակը և մոտենալ առաջատարներին:
Բավական սկզբունքային նշանակություն ունի «Միլան» - «Չելսի» խաղը: Իտալացիները Լոնդոնում 0:3 հաշվով պարտություն են կրել, ուստի միանշանակ ձգտելու են ռևանշի: Անգլիացիները նվազագույնը կփորձեն ոչ-ոքի խաղալ, որպեսզի պահպանեն միավորների հավասարությունը: Այս խմբում կփորձի ռևանշի հասնել նաև Զագրեբի «Դինամոն», որը նախորդ տուրում 0:1 հաշվով պարտվել է ավստրիական «Զալցբուրգին»:
Ընթացիկ խաղերում կաշխատեն հաղթանակ տոնել նաև շոտլանդական «Սելթիկն» ու պորտուգալական «Սպորտինգը», որոնք անցած շաբաթվա մեջ զիջել են համապատասխանաբար գերմանական «Լայպցիգին» ու ֆրանսիական «Մարսելին»:
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» կաշխատեն տանել չորրորդ անընդմեջ հաղթանակը և ժամանակից շուտ մտնել փլեյ-օֆֆ: Անգլիացիները կհյուընկալվեն Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին», որին վեց օր առաջ ջախջախել են 5:0 հաշվով: Իսպանական ակումբը Վարշավայում կմրցի Դոնեցկի «Շախտյորի» հետ, որը Մադրիդում չնայած զիջել է 1:2 հաշվով, սակայն վաստակած 4 միավորով շարունակում է զբաղեցնել 2-րդ տեղը: