Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Միայն թունաքիմիկատ սրսկելով հնարավոր չէ պայքարել վնասատուի դեմ․ ՍԱՏՄ պետ (տեսանյութ)

«Վերջին տարիներին պարենային անվտանգության ապահովման խնդիրը ամբողջ աշխարհում առաջնահերթ է համարվում։ Այդ գործում շատ կարևոր դեր ունի բույսերի պաշտպանության համակարգը»։

Արմենպրեսի մամուլիս սրահում Բույսերի առողջության պաշտպանության օրվա առիթով քննարկմանը ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ  Արթուր Նիկոյան։

«Բույսերն ունեն իրենց բնորոշ հիվանդություններն ու վնասատուները։ Դրանք ամեն տարի ամբողջ աշխարհում զարգանում են և շատանում են։ Դրանից անմասն չենք մնում մենք։ Տարեցտարի նոր առևտրային գործընկերների հետ առևտրի ժամանակ բացի տնտեսական օգուտներից դա բերում է նաև իր բացասական հետևանքները»,- քննարկմանը արձանագրեց Նիկոյանը։

ՍԱՏՄ պետի գնահատմամբ տարեցտարի ի հայտ են գալիս նոր հիվանդություններ և նոր վնասատուներ,  որոնց ժամանակին կանխարգելման և դրանց դեմ պայքարի համար պետք է կատարվեն համապատասխան միջոցառումներ։

«Այդ գործում հիմնական դերակատարումը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին է։ Այն բուսասանիտարիայի ոլորտում իր ներգրավված աշխատակիցների միջոցով իրականացնում է վերահսկողական միջոցառումներ»,- ասաց նա։

Նիկոյանի խոսքով՝ առաջինը սահմանային պետական վերահսկողությունն է։ Բոլոր սահմանային անցման կետերում տեսչական մարմնի համապատասխան մասնագետները ներմուծվող բուսական ծագման մթերքներում իրականացնում են վերահսկողություն, որպեսզի կանխեն դրանց հետ ներթափանցվող բույսերի հիվանդությունները։

Նիկոյանը սակայն ընդգծեց՝ միայն թունաքիմիկատ սրսկելով հնարավոր չէ պայքարել վնասատուի դեմ։

«Ամբողջ աշխարհում իրականացվում է վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքար։ Հողօգտագործողը պետք է ունենա մասնագիտական գիտելիքներ» ասում է նա։

ՍԱՏՄպետը ներկայացրեց նաև աշխարհում վնասատուների պատճառով կրած տնտեսական վնասը՝ Հնդկաստանում այն տարեկան կազմում է 90 մլրդ ԱՄՆ դոլար, ԱՄՆ 67 մլրդ դոլար, Բրազիլիա՝ 42 միլիարդ դոլար, Ավստրալիա՝ 6․5 մլրդ։

Նրա խոսքով Հայաստանում վնասատուների պատճառով վնասները քիչ չեն , բերքը նաև որակական վնասներ է կրում։