Բացել լրահոսը Փակել լրահոսը
106945987_145556580475493_2971336334904086746_n
A A
Քաղաքականություն

«Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը

 
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
 
Ս.թ. մայիսի 20 ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությունից հայտնի դարձավ, որ Ադրբեջանի եւ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից փաստացի պարտադրվող նոր համաձայնագրին պաշտոնական Երեւանը մտադիր է հավանություն տալ, արտահայտելով միայն մեկ վերապահում, այն է` ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի դուրս բերում:
 
Առկա իրավիճակում, երբ.
- Արցախյան հակամարտությունը չի ստացել իր վերջնական կարգավորումը,
 
- չեն կատարվում 2020թ նոյեմբերի 9-ի եւ 2021թ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կարեւորագույն դրույթները, այն է` գերիների վերադարձ, հաղորդակցության ուղիների անվերապահ ապաշրջափակում,
 
- Ադրբեջանում չեն թաքցնում տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ` շարունակական հայատյաց թունավոր պրոպագանդայի պայմաններում,
 
- Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ադրբեջանական ներխուժման կապակցությամբ մինչ այժմ ստացված միջազգային արձագանքները (առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ և ՄԱԿ Անվտանգության Խորհրդի մշտական անդամներ ԱՄՆ, Ֆրանսիա) ներառում են Արցախյան կարգավորումը եւ միջպետական սահմանազատումը որպես մեկ միասնական փաթեթով համալիր քննարկման առաջարկ և պարունակում են հնարավորություն միջազգային մանդատի, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում,
 
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարում է.
 
1. Հայաստանի և Ադրբեջանի, ու ընդհանրապես՝ նման բարդ, արյունոտ եւ տասնամյակներով ձգվող հակամարտություն ունեցող երկրների միջև սահմանազատում կարող է կատարվել միայն միջազգային մանդատի ներքո ու ստանդարտների հիման վրա, հակամարտության կարգավորվածության, միջէթնիկ թշնամության պատճառների դե յուրե և դե ֆակտո վերացման դեպքում, իսկ դա հնարավոր է կրկին միջազգային մանդատի ներքո Արցախյան հակամարտության վերջնական, սպառիչ, համապարփակ կարգավորման պայմաններում։
 
2․ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահությունը պետք է անհապաղ ընդունի և հրապարակի իր որոշումը Արցախյան հարցի վերջնական կարգավորման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալիզացման պլան, իսկ Հայաստանի կառավարությունը պետք է ընդունի բացառապես այդ պայմաններով խնդիրների փաթեթային լուծման տարբերակը։
 
3.Սահմանազատման խնդրի դե յուրե կամ դե ֆակտո տարանջատումը հակամարտության կարգավորումից մեծ վտանգներ է պարունակում, սանձազերծելով հակամարտության թեժացման, այլ ոչ թե հակամարտության կարգավորման տրամաբանությամբ մի գործընթաց, որը վերածվելու է Հայաստանի ինքնիշխանության վրա ազդելու և կամայականորեն սահմանագծելու, նոր սահմանազանցումների ազդեցիկ լծակի։
 
4․ Նման ճակատագրական և բախտորոշ որոշումներն առավել ևս չեն կարող ընդունվել ժամանակավոր կառավարության պայմաններում, առանց հանրային կարծիքի ու շահերի վերհանման, մանավանդ անօրինական պարտադրանքի ներքո, ինչը կարող է հանգեցնել ժողովրդավարության վիժեցմանը Հայաստանում եւ քաոսի սպառնալիք ստեղծել ոչ միայն երկրում, այլեւ ողջ տարածաշրջանում:
 
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետությանը որոշումներ պարտադրելու ցանկացած փորձ` դաշնակից համարվող երկրների երկդիմի դիրքորոշման պայմաններում, եւ կոչ է անում գործող իշխանությանը ձեռնպահ մնալ միջազգային հանրության վերահսկողություն դուրս գտնվող, ոչ թափանցիկ բանակցություններին մասնակցելուց, մինչեւ չստեղծվեն պատշաճ պայմաններ` մեր երկրի կենսական շահերը հաշվի առնելով կառուցողական գործընթացների համար: