Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կառավարության՝ այսօր ընդունած որոշումները (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը և այդ առնչությամբ Հայաստանի ներսում տիրող իրավիճակին։ 

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման արդյունքում անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծումն է: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անշարժ գույքի իրացման օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման նպատակով, որպես հարկման բազա, հիմք է ընդունվում ոչ թե անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքը, այլ դրա 80 տոկոսը: Նախատեսվում է սահմանել, որ 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված՝ անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսը: Առաջարկվում է սահմանել նաև, որ մինչև 2021 թ. հունվարի 1-ը իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա 2021 թ. հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաների նվազագույն չափի որոշման համար հիմք է ընդունվում անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ գույքահարկով և հողի հարկով հարկման նպատակով գույքի կադաստրային արժեքը հաշվարկելու կարգը սահմանող օրենսդրությամբ սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված անշարժ գույքի հաշվարկային արժեքը։

Գործադիրի հավանությանն է արժանացել նաև «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքներում առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին նոր ձևավորվող էլեկտրաէներգետիկական շուկայում իրավունք կտրվի էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով՝ առանց էլեկտրաէներգիայի գնման երաշխիքների տրամադրման և պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի կնքման, ինչպես նաև արտադրել և սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում։ Բացի այդ, կկատարելագործվեն ինքնավար էներգաարտադրողների փոխհոսքերի իրականացման ներկայիս մեխանիզմները՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս արտադրել և սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում, ձևավորել խմբեր՝ դրանցում ներառելով բնակիչների և կազմակերպությունների։

Մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզներ կկառուցվեն ևս 10 համայնքում

Գործադիրի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն կավելացվի 51,400 հազար դրամ գումարով, որը նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ թվով 10 համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակայման համար: Ըստ այդմ՝ 5 մսուր-մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի մարզում, 3 մսուր-մանկապարտեզ՝ Լոռու մարզում, մեկական մսուր-մանկապարտեզներ՝ Կոտայքի և Շիրակի մարզերում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյան տեղեկացրել է, որ կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկով արդեն իսկ 1,4 մլրդ դրամ է հատկացվել 10 մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզների կառուցման համար:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է. ««Իմ քայլը» դաշինքի 2018 թվականի նախընտրական ծրագրում մենք ունենք կետ, որով արձանագրել ենք՝ մինչև 2023 թվականը նախակրթարանային տարիքի երեխաների 75 տոկոսը պետք է հնարավորություն ունենա մանկապարտեզներ հաճախելու: Դուք գիտեք, որ ՀՀ-ում դա լրջագույն պրոբլեմ է և նաև կարևորագույն խնդիր երկրի զարգացման առումով: 2019 թվականից մենք սկսել ենք այս հարցի քննարկումը»:

Այս համատեքստում վարչապետի պաշտոնակատարն առանձնացրել է 4 հարց, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվել և տարվում՝ ինչպես որոշել մանկապարտեզների կառուցման աշխարհագրությունը, ինչ տիպի շենքեր պետք է կառուցվեն, այդ կրթական հաստատությունների հետագա ֆինանսավորումը և բովանդակությունը: «Ըստ էության, կարող ենք ասել, որ իրականացված քայլերի արդյունքում հասել ենք մի նախապատրաստական իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետությունում պատրաստ ենք մեկնարկել, թող շատ հավակնոտ չհնչի, զանգվածային մանկապարտեզաշինության և դպրոցաշինության գործընթաց: ՀՀ-ում կա կոնսենսուս մի հարցի վերաբերյալ՝ երկրի ռազմավարական զարգացումն ապահովելու կարևորագույն նախապայմաններից մեկը կրթական ոլորտում բարեփոխումներ իրականացնելն է: Եվ ես հիմա շատ ուրախ եմ, որ մենք նախակրթության, հանրակրթության, բարձրագույն կրթության ոլորտներում մեր ռազմավարական անելիքները որոշել ենք: Ընդ որում՝ փոխանցիկության կապ ենք ստեղծել կրթության այս երեք շերտերի ուղղությամբ: Իհարկե, գործնական կիրառման ժամանակ չհղկվածությունների և պրոբլեմների կհանդիպենք, բայց այդտեղ սարսափելի ոչինչ չկա, կարևորն այն է, որ մեխանիզմը գործարկված է: Հետևաբար, մենք ավելի ու ավելի հաճախ կառավարության նիստերում կհանդիպենք մարզերում, Երևանում, քաղաքներում, գյուղերում դպրոցների և մանկապարտեզների կառուցման, նորոգման, հիմնանորոգման հետ կապված աշխատանքների իրականացման, գույքի թարմացման վերաբերյալ որոշումներ: Կարող ենք արձանագրել, որ մեր երկրի բովանդակային բարեփոխուման այս կարևորագույն մեխանիզմը գործարկված է»:

Անդրադառնալով կրթության և գիտության ոլորում իրականացվող բարեփոխումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարձրագույն կրթությունից հետո մենք ճյուղավորումներ ունենք, որոնց շուրջ նույնպես աշխատում ենք: Մի ուղղությունը գիտությունն է, մյուսը՝ բարձր տեխնոլոգիաներն են, հաջորդը՝ մասնագիտացումն է և պատճառահետևանքային կապը աշխատանքի շուկայի հետ: Միջին մասնագիտական կրթության ոլորտում էլ շատ անելիքներ ունենք, որպեսզի գործընթացն ամբողջացնենք: Սա ռազմավարական նշանակության նախագիծ է, որի ուղղությամբ բոլորս պետք է շատ լուրջ ջանքեր գործադրենք: Ըստ էության, մենք գործ ունենք մեր երկրի բովանդակային ողնաշարի ձևավորման հետ, և իսկապես շատ կարևոր փաստ է, որ հասել ենք դրա գործնական իրագործման փուլին»:

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Տեղերը բաշխելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները համապատասխան մասնագետներով ապահովելը: Մասնավորապես՝ 2020/2021 ուստարում ՀՀ կառավարության որոշմամբ առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 151 տեղ, որից 85-ը (56.28 տոկսոը) տրամադրվել է բնական և տեխնիկական գիտություններին, հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 35 տեղ, որից 24-ը բնական և տեխնիկական գիտություններին, այլ գերատեսչությունների և Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 8 առկա և 3 հեռակա անվճար ուսուցման տեղեր:

Գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը կվերադարձվի հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման

Կառավարությունն ընդունել է որոշում՝ սահմանելով, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը վերադարձվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման: Հնարավորություն կընձեռնվի նաև այդ գումարի հաշվին մարել հարկ վճարողի սոցիալական վճարի գծով պարտավորությունները:

Ըստ հիմնավորման՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդը հարկ վճարողին վերադարձնելու համար, նախ, այդ գումարը հարկ վճարողի դիմումի հիման վրա փոխանցվում է վերջինիս միասնական հաշվին, որից հետո՝ միասնական հաշվում առկա գումարը հարկ վճարողին վերադարձվում է նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Ստացվում է, որ հարկ վճարողի՝ մինչև 2018 թ. հունվարի 1-ը գործող օրենսդրության շրջանակներում առաջացած գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի մնացորդի վերադարձման գործընթացի համար հարկ վճարողից պահանջվում է երկու անգամ հարկային մարմին ներկայացնել դիմում, որի արդյունքում անհարկի ձգձգվում է նշված գումարի վերադարձման ընթացակարգը, միաժամանակ, ավելանում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի քանակը: Բացի այդ, խնդիր է նաև այն, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա՝ հարկ վճարողի գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին չի մարվում վերջինիս սոցիալական վճարի գծով պարտավորությունները: Այդ պարտավորությունները 2018 թ. հունվարի 1-ից հետո մարվում են միայն միասնական հաշվում առկա գումարների հաշվին:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ մայիսի 1-ի դրությամբ գերավճար ունեցող հարկ վճարողների քանակը 35935 է, իսկ գերավճարի գումարը՝ 4549.3 հազար դրամ։ Ընդ որում, գերավճար ունեցող հարկ վճարողների շուրջ 89 տոկոսը (մոտ 32000 հարկ վճարողներ) ունեն 1 դրամից մինչև 100 հազար դրամ գերավճարներ, իսկ 35 հարկ վճարողներ ունեն 10 մլն դրամից ավելի գերավճարներ, որի ընդհանուր հանրագումարը կազմում է մոտ 1.800 հազար դրամ։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Վերջին տարիներին մեր ամենակարևոր հաջողություններից մեկը համարում ենք այն, որ պետությունը, կառավարությունը հարկ վճարողների պարտքերը շատ մեծ, հսկայական քայլերով մարել է։ Քանի որ այդպիսի նշաձող ենք դրել մեզ համար, որ պետք է պետության, կառավարության ունեցած պարտքերը զրոյացնել, մենք ամեն փուլում գույքագրում ենք, թե ինչ կա և ինչ խնդիր ունենք լուծելու։ Նախկինում արդեն ասել եմ՝ նախ մենք 2018թ-ից սկսած մարել ենք այդ պարտքերը, հետո նաև օրենսդրական փոփոխությունների միջոցով այդ պարտքերի գոյացման մեխանիզմներն ենք վերացրել։ Հիմա, ըստ էության, եկել ենք մի փուլի, երբ փորձեցինք գույքագրել, թե ի վերջո ինչ հաշվեկշիռ ունենք, և արձանագրեցինք, որ նախկինից մնացած 4 մլրդ 549 մլն դրամ գումար կա, որը, այսպես ասած, մնացել է ինչ-որ տեղ պարտք։ Եվ հիմա այսօրվա որոշման արդյունքում շուրջ 35,000 տնտեսվարողներ, որոնք նախկինում ամենատարբեր պատճառներով վճարել են ավելի գումար, քան գոյացել էր իրենց հաշվետվություններով, որպես հարկային պարտավորություն՝ այդ գումարները հետ կստանան: Այսինքն, իրենց հաշիվներին կլինեն այդ գումարները: Եթե իրենք հաշվետվություններով կներկայացնեն այնպիսի իրավիճակ, որ այս գումարների հաշվին հիմա գոյացած իրենց հարկային պարտավորությունները ուզում են մարել՝ այդ գումարով կմարեն, իսկ եթե ոչ, իրենք այդ գումարը նաև կարող են ֆիզիկապես հետ ստանալ։ Շատ կարևոր որոշում է և կրկին անգամ ուզում եմ ասել, որ սա ըստ էության կառավարության պարտքերի մարման ուղությամբ վերջին քայլն է, որը մենք պետք է անենք։ Ըստ էության, սրանով կառավարության պարտքերը բիզնեսի նկատմամբ, ուշադրություն դարձրեք, զրոյացնում ենք։ Իհարկե, չհաշված այն մեկ ամսվա ցիկլը, որն արդեն օրենսդրությամբ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով մեկ ամսվա ընթացքում պետք է վերադարձվի: Այսինքն՝ գումարը մեկ ամսից ավելի չի կարող օտարված լինել տնտեսվարողից։ Շատ կարևոր որոշում է»։