Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Գրված է լավաշի թոնրատուն, բայց այստեղ թոնրատուն չկա». ինչու են նոր անձնագրերի պատկերները հարցեր առաջացնում

 ՀՀ նոր կենսաչափական անձնագրերի դիզայնը դեռ ամբողջությամբ ընդունված չէ, բայց արդեն հասցրել է քննարկումների կենտրոնում հայտնվել։ Ամենաշատ արձագանքներից մեկը վերաբերում է անձնագրի այն էջին, որտեղ պատկերված է լավաշ թխելու տեսարան։

«Գրված է՝ լավաշի թոնրատուն, բայց այստեղ թոնրատուն չկա», - «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։ Անձնագրում պատկերված տեսարանում լավաշը թխվում է բացօթյա տաղավարում՝ վերադիր թոնրի վրա։ Ըստ ազգագրագետի` սա հայկական ավանդական պատկերին չի համապատասխանում։

Նա նշում է, որ տարածաշրջանում տարբեր թխման մշակույթներ կան՝ հարևան ժողովուրդների մոտ տարածված է սաջի վրա թխելը, պարսկական մշակույթում վերադիր թոնիրները, բայց հայկականը հստակ է՝ ներդիր թոնիր՝ իր խորը խորհրդով ու նշանակությամբ։

Հայկական թոնրատունը փակ կամ կիսափակ կառույց է՝ երդիկով, իսկ նման բացօթյա տաղավարներն ու վերադիր թոնիրները բնորոշ չեն հայկական միջավայրին։ «Գուցե փորձել են տեսանելի դարձնել հաց թխելու գործընթացը, բայց արդյունքում ստացել են մի պատկեր, որը մեզ հետ առնչություն չունի», - ասում է նա։

Խնդիրը միայն թոնրի ձևը չէ։ «Հայերը լավաշը նման ձևով չեն չորացրել»,- հստակեցնում է մասնագետը։ Նկարում լավաշները կախված են պարանից՝ գրեթե լվացքի նման։ Մինչդեռ, ըստ մասնագետի, լավաշը չորացնելու համար օգտագործվել են հատուկ տախտակներ, և հայկական լավաշ թխելու մշակույթին բնորոշ չէ նման ձևով լավաշ կախելն ու չորացնելը։

«Հետաքրքիր է՝ հեղինակները որտեղ են նման բան տեսել», - նշում է մասնագետը։ Բացի այդ պատկերում երկու կին լավաշ է թխում, իսկ ձախ կողմում մի տղամարդ նստած ծխում է։ Այդ տեսարանը ևս հարցեր է առաջացնում։ «Հայկական մշակույթում հաց թխելն առնվազն երեք հոգու գործընթաց է։ Իսկ տղամարդու այդ դիրքն ու գործողությունն ընդհանրապես անհասկանալի է՝ ինչ գաղափար է փոխանցում», - ասում է ազգագրագետը։

Ստեղծագործական մոտեցո՞ւմ, թե՞ շեղում

Սվետլանա Պողոսյանն այս ամենը բնութագրում է որպես «շատ ազատ ստեղծագործական մոտեցում»։ «Հետաքրքիր է՝ ում խորհրդով են նման պատկեր ստացել», - հարց է բարձրացնում Պողոսյանը։

Նա հիշեցնում է, որ լավաշը ներառված է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, և այդ համատեքստում առավել կարևոր է ճշգրիտ ներկայացումը, ոչ թե նոր «պատկերների հորինումը»։ Ազգագրագետի հիմնական մտահոգությունն ավելի խորքային է. «Ինչու ենք հորինում այն, ինչ արդեն ունենք» «Մենք ընդամենը պետք է լինենք մեր մշակութային ժառանգության ժառանգորդը, ոչ թե նոր բաներ հորինենք», - ընդգծում է նա։

Խոր Վիրապի տեսարանը՝ առանց Մասիսի

Քննարկվող մյուս դրվագը վերաբերում է անձնագրի մեկ այլ էջի՝ Խոր Վիրապի պատկերին։ Այստեղ ևս հարց կա․ ինչու է ընտրված այնպիսի տեսարան, որտեղ չի երևում Մասիսը։ Պողոսյանի խոսքով՝ Արարատ լեռը ոչ միայն տվյալ տեսարանի, այլև հայկական ինքնության առանցքային տարրերից է։

«Մենք տարածքային պահանջ չենք ներկայացնում։ Մենք խոսում ենք մեր ինքնության մասին», - ասում է ազգագրագետը։ Նա հիշեցնում է, որ միջազգային պատկերագրության մեջ Հայաստանը հաճախ ասոցացվում է հենց Արարատի հետ, և այդ բաղադրիչը բաց թողնելը, նրա գնահատմամբ՝ ավելորդ զգուշավորություն է։

Կարմիր գույնը՝ հոգեհարազատ

Եթե պատկերները հարցեր են առաջացրել, ապա գունային լուծումը, հակառակը, մասնագետի կողմից արժանացել է դրական գնահատականի։ Նա նշում է, որ անձնագրի ընտրված մուգ կարմիր երանգը ներդաշնակ է հայկական մշակութային մտածողությանը։ «Եթե ուսումնասիրենք մեր գորգարվեստը, մանրանկարչությունը, գեղարվեստական գործվածքը՝ կարմիրը առանցքային գույն է։ Սա շատ ճիշտ ընտրություն է՝ իմ կարծիքով», - եզրափակում է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ նոր կենսաչափական անձնագրերը նախատեսվում են ներդնել 2026-ի աշնանից։ Նոր համակարգի ներդրման նպատակն է ապահովել անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին, մասնավորապես՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։ Այն կբարձրացնի փաստաթղթերի վստահելիությունը, կդյուրացնի սահմանային անցումները և կնպաստի քաղաքացիների ազատ տեղաշարժին, այդ թվում՝ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։

«Ա1+»-ը փորձեց  գտնել ու զրուցել նոր կենսաչափական  անձնագրի դիզայնի պատասխանատուների հետ, սակայն չհաջողվեց։ Միգրացիացի եւ քաղաքացիության ծառայությունից միայն հայտնեցին՝  նոր կենսաչափական  անձնագրի հետ կապված տեղեկատվությանը ծանոթանալու համար կարող ենք  հետևել պաշտոնական էջերին։