«Tour of Armenia». քննարկվել են մրցաշարի անցկացման երթուղիների տարբերակները
Աջակցիր «Ա1+»-ինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հեծանվավազքի կազմակերպման գործում խորհրդատվական աշխատանքներ իրականացնող RCS խորհրդատվական ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն, այլ պատասխանատուներ, պետական և մարզական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին համագործակցության և պատրաստակամության համար՝ ընդգծելով ջանքերի մեկտեղման կարևորությունը մրցաշարը պատշաճ անցկացնելու նպատակով:
Նիստի ընթացքում քննարկվել են մրցաշարի անցկացման երթուղիների առաջարկվող տարբերակները, որոնք մշակվել են տևական ուսումնասիրությունից հետո: Ըստ ներկայացված տարբերակների՝ երթուղիներն ընդգրկում են Երևանի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի ճանապարհային հատվածները: Նախանշվել են երթուղիներում առկա հնարավոր խնդիրները, դրանք մրցաշարի պահանջներին համապատասխանեցումը, երթուղիների կենտրոնների տեղորոշումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունը:
Կարևորվել է մրցաշարի ընթացքում Հայաստանի բնապատկերներն առավել արդյունավետ ներկայացնելու հանգամանքը՝ ընդգծելով մրցաշարի կարևոր դերը Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում, մասնավորապես՝ հեծանվային զբոսաշրջության խթանման տեսանկյունից։
Անդրադարձ է կատարվել նաև նախապատրաստական, կազմակերպչական աշխատանքների, մարքեթինգային և իրազեկման արշավների պատշաճ ապահովման վերաբերյալ հարցերին:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է գործընթացների համակարգված կազմակերպման, սահմանված ժամկետների խիստ պահպանման և միջազգային չափանիշների լիարժեք ապահովման կարևորությունը՝ նշելով, որ աշխատանքի որակը պայմանավորված է շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցությամբ:
Բազմօրյա հեծանվավազքին նախատեսվում է շուրջ 20 թիմերի փորձառու հեծանվորդների մասնակցություն․ թիմերը կազմված են լինելու յուրաքանչյուրը 6 անդամից: