Կոստան Զարյանի դիմաքանդակը կտեղադրվի Երեւանում
Աջակցիր «Ա1+»-ինՀայ անվանի գրող, մտավորական Կոստան Զարյանի դիմաքանդակը նախատեսվում է տեղադրել Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ -Նովա պողոտայի խաչմերուկում՝ «Վանեցի աղջիկ»-ը քանդակից 15 մետր դեպի վերև ընկած հատվածում։
Այն տեղադրվելու է Կոստան Զարյանի ծննդյան 140-ամյակի առթիվ։ Նախագիծն ընդգրկված է Երեւանի ավագանու մայիսի 7-ի օրակարգում։ Այն չզեկուցվող հարց է։ Դիմաքանդակի տեղադրման հետ կապված ծախսերը իրականացվելու է «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի միջոցներով։
Կոստան Զարյանը ծնվել է 1885 թվականի փետրվարի 2-ին Շամախի քաղաքում։ 1890 թվականին՝ հոր մահվանից հետո, Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվել է ռուսական գիմնազիա։ Այնուհետև ավագ եղբայրը նրան տարել է Փարիզ, տեղավորել Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց որոշ ժամանակ ապրել է Կովկասում և մեկնել Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով։ Բելգիայում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1910-1913 թվականներին Զարյանն ապրել է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սովորել է հայերեն։
Առաջին գիրքը՝ «Երեք երգերը» գրվել է իտալերեն (նույնը հայերեն լեզվով լույս է տեսել 1931 թվականին)։ 1914 թվականին, երբ Պոլսում Հեթանոսական շարժմանն էին ներգրավված հայտնի մտավորականներ, Պոլսում Կոստան Զարյանը Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ միասին հիմնել է «Մեհեան» հանդեսը, որը լույս է տեսել 7 համարով՝ 1914 հունվարից մինչև հուլիս։
1922 թվականին Պոլսում լույս է տեսել Զարյանի հայերեն լեզվով առաջին գիրքը՝ «Օրերի պսակը», իսկ աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվել է Երևանում։ 1922-1924 թվականներին համեմատական գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում: Սակայն 1924 թվականին կրկին մեկնել է Եվրոպա։ 1925 թվականին Փարիզում հիմնել և խմբագրել է արվեստի, գրականության և փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ամսագիրը (ֆրանսերեն)։
Ապա մեկնել է Իտալիա։ Բոստոնի «Հայրենիք» ամսագրում լույս են տեսել նրա «Անցորդը և իր ճամփան» (1926-1928), «Բանկոոպը և մամութի ոսկորները» (1931-1933), «Երկիրներ և Աստվածներ» (1935-1938), «Կղզին և մի մարդ» (1955 թվական) գործերը։ 1944-1946 թվականներին հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում։ 1946 թվականին Նյու Յորքում հիմնել և խմբագրել է «Հայկական քառամսյակ» անգլերեն հանդեսը։ 1952-1954 թվականներին արվեստի պատմություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում: 1961 թվականին ներգաղթել է Հայաստան:
Կոստան Զարյանը վախճանվել է 1969թ. դեկտեմբերի 11-ին Երևանում: