Խնդիրներ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում․ քննարկում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 30-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Խնդիրներ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկումը, որի ընթացքում ներկայացվեցին փակ հաստատություններում իրականացված մշտադիտարկումների արդյունքները։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը, դիտորական խմբի անդամներ Արման Սահակյանը, Շուշան Խնկոյանը և Մհեր Կարագյոզյանը։
Բանախոսները շեշտեցին, որ, չնայած որոշակի բարեփոխումներին, համակարգում առկա խնդիրները շարունակում են գերակշռել և ունեն համակարգային բնույթ։
Դիտորդական խմբի տվյալներով՝ 2025 թվականին արձանագրվել է 189 ահազանգ ազատազրկված անձանց կողմից, որոնց շուրջ 80%-ը վերաբերում է առողջապահական խնդիրներին։ Խոսքը վերաբերում է բուժօգնության ուշացմանը, դեղորայքի հասանելիության սահմանափակմանը և ոչ պատշաճ տեղեկատվությանը։
Սերգեյ Գաբրիելյանի խոսքով՝ հաճախ արձանագրվում են դեպքեր, երբ բժշկական ծառայությունների վերաբերյալ փաստաթղթերը չեն համապատասխանում իրականությանը, իսկ որոշ դեպքերում արձանագրվել են նաև մահվան դեպքեր՝ բուժօգնության ուշացման կամ բացակայության պատճառով։
Թեև սննդի մատակարարումը կազմակերպվում է արտաքին մատակարարների միջոցով, դիտորդները նշում են, որ սննդի որակը վատթարացել է։ Բացի այդ, բազմաթիվ ՔԿՀ-ներում պահպանման պայմանները շարունակում են մնալ անմխիթար՝ խոնավություն, վատ օդափոխություն, ջեռուցման խնդիրներ և մաքուր ջրի պակաս։
Հատկապես ընդգծվեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի վիճակը, որը, ըստ դիտորդների, չի համապատասխանում միջազգային չափանիշներին և պահանջում է փակման կամ հիմնովին վերակառուցման լուծում։
Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց խոցելի խմբերի իրավունքներին։ Դրանք ներառում են հաշմանդամություն ունեցող անձանց, օտարերկրացիներին, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև ԼԳԲՏ անձանց։
Արման Սահակյանի խոսքով՝ այս խմբերը բախվում են «երկշերտ և եռաշերտ խտրականության»՝ ինչպես համակարգի, այնպես էլ այլ ազատազրկվածների կողմից։ Հաճախ նրանց համար հասանելի չեն անհրաժեշտ ծառայությունները, իսկ անվտանգությունը բավարար չափով ապահովված չէ։
Շուշան Խնկոյանը ներկայացրեց կանանց իրավունքների հետ կապված խնդիրները՝ նշելով, որ հիգիենիկ պարագաների տրամադրումը հաճախ չի համապատասխանում նրանց կարիքներին։ Բացի այդ, երեխա ունեցող կանայք բախվում են լուրջ խնդիրների՝ երեխաների խնամքի և կրթության ապահովման հարցում։
ՔԿՀ-ներում գտնվող երեխաները հաճախ զրկված են զարգացման համար անհրաժեշտ միջավայրից և ծրագրերից, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց զարգացման վրա։
Դիտորդները մտահոգիչ են համարում ինքնավնասումների և մահվան դեպքերի աճը։ 2025 թվականին արձանագրվել է 24 մահվան դեպք։ Ըստ Մհեր Կարագյոզյանի՝ հաճախ բողոքները լսելի դարձնելու միակ միջոցը դառնում է ծայրահեղ քայլերի դիմելը։
Մասնագետներն ընդգծեցին, որ խնդիրները հիմնականում համակարգային են՝ սկսած աշխատակիցների վերապատրաստման պակասից մինչև տարբեր գերատեսչությունների միջև համագործակցության բացակայություն։ Հատկապես քննադատվեց առողջապահության ոլորտի հետ համագործակցությունը, որը, ըստ դիտորդների, ամենաթույլ օղակներից է։
Միևնույն ժամանակ արձանագրվել են որոշ դրական փոփոխություններ՝ վերանորոգված խցեր, նոր հագուստ և կոշիկ, որոշ ծրագրեր վերասոցիալականացման ուղղությամբ և կապի միջոցների մատչելիության բարելավում։ Սակայն, ըստ բանախոսների, դրանք մասնակի են և չեն լուծում հիմնական ու համակարգային խնդիրները։
Դիտորդական խումբը կոչ արեց չքաղաքականացնել բարձրաձայնված խնդիրները, հատկապես նախընտրական շրջանում, և դրանք դիտարկել որպես մարդու իրավունքների պաշտպանության հարց։
Քննարկման ամփոփմամբ մասնակիցները ընդգծեցին՝ քրեակատարողական համակարգում անհրաժեշտ են ոչ միայն կոսմետիկ փոփոխություններ, այլ խորքային բարեփոխումներ՝ ապահովելու համար ազատազրկված անձանց համար արժանապատիվ պայմաններ և հիմնարար իրավունքների պաշտպանություն։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։