«Բռնությունը՝ զինված ուժերում. պետության պատասխանատվությունը»․ քննարկում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 30-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Բռնությունը զինված ուժերում. պետության պատասխանատվությունը» թեմայով։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյանը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը։
Քննարկման առանցքային հարցերից մեկը վերաբերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, ըստ որի՝ զինված ուժերում ինքնասպանությունների պատճառներից մեկը կարող է լինել զինծառայողների հոգեբանական դիմակայության պակասը։ Փորձագետները հարց բարձրացրին՝ արդյոք այս մոտեցումը իրավիճակի սառը արձանագրո՞ւմ է, թե՞ պետության պատասխանատվության մասնակի տեղափոխում անհատի վրա։
Աննա Մելիքյանի խոսքով՝ ինքնասպանության դեպքերը տարիներ շարունակ կրկնվում են, սակայն դրանց խորքային պատճառների ուսումնասիրությունը համակարգային բնույթ չի կրում։ Նրա տվյալներով՝ բազմաթիվ քրեական գործեր տարիներով մնում են քննության փուլում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կա վաղեմության ժամկետի լրացման վտանգ։
«Եթե պատճառները պատշաճ ուսումնասիրվեին, մենք արդեն կունենայինք կանխարգելման հստակ ռազմավարություն», - նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ դեպքերի միայն մոտ կեսն է հասնում դատարան։
Նրա գնահատմամբ՝ զինծառայողի հոգեբանական դիմակայությունը որպես հիմնական պատճառ ներկայացնելը կարող է հանգեցնել պետության պատասխանատվության թուլացման։ Ըստ նրա՝ ինքնասպանության դեպքերի մեծ մասը կապված է երկարատև ճնշումների, բռնության և նվաստացման հետ։
Զինվորական դատախազության տվյալներով՝ 2025 թվականին զինված ուժերում արձանագրվել է 2248 դեպք՝ 2024 թվականի 2093-ի դիմաց։ Միևնույն ժամանակ, 2020 թվականից ի վեր գրանցվել է շուրջ 40 ինքնասպանություն։
Քննարկման մասնակիցները շեշտեցին, որ նույնիսկ մեկ մահվան դեպքը պետք է դիտարկվի որպես համակարգային ձախողում։
Վանուհի Կարապետյանը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի հիմնական խնդիրները։ Նրա խոսքով՝ զինված ուժերում պահպանվում են մի շարք համակարգային խնդիրներ, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքի խախտումներ, հոգեկան առողջության խնդիրների անբավարար հասցեագրում, հոգեբանների և սպա իրավաբանների պակաս։
2025 թվականին ՄԻՊ աշխատակազմը ստացել է շուրջ 900 բողոք, որոնցից 144-ը վերաբերում էին առողջապահական խնդիրներին։
Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց բանակում ոչ կանոնադրական հարաբերություններին և «քրեական ենթամշակույթին»։ Ըստ մասնակիցների՝ հաճախ հենց այդ ոչ ֆորմալ կանոններն են ձևավորում բռնության միջավայրը։
Մելիքյանի խոսքով՝ նույնիսկ այն դեպքերում, երբ բռնությունը ակնհայտ է, հրամանատարությունը և համածառայակիցները հաճախ չեն միջամտում։ Սա նպաստում է անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը։
Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ զինված ուժերում ծառայող անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է, հատկապես այն պայմաններում, երբ խոսքը փակ և հիերարխիկ համակարգի մասին է։
Նրանց համոզմամբ՝ անհրաժեշտ է ոչ միայն պատժել արդեն տեղի ունեցած խախտումները, այլ նաև՝ իրականացնել պատճառների խորքային վերլուծություն, ներդնել կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ, ապահովել անկախ և թափանցիկ վերահսկողություն։
Քննարկումն ամփոփվեց այն եզրակացությամբ, որ զինված ուժերում առկա խնդիրները պահանջում են ոչ թե հատվածական, այլ համակարգային լուծումներ։ Մինչ այդ, վիճակագրությունը շարունակում է հիշեցնել, որ խնդիրը մնում է արդիական և չլուծված։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։