Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Գնում էին բանակցելու, ասում էին՝ հողերը տալու ենք, գալիս էին, ասում՝ մեկը մի թիզ հող տվեց, դավաճան է․Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)

«Ծաղրուծանակի առարկա է այն փաստը, որ մի քանի օր առաջ Լևոն Տեր—Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին առաջարկում էր դաշինք կազմել և մասնակցել ընտրություններին, ստանալով մերժում՝ անում է բոլորովին այլ հայտարարություն»․

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Առաջին նախագահի դիտարկումներին այսպես է արձագանքում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Մեր դիտարկմանը, թե Նախագահը հստակ ասում էր, որ իր այդ առաջարկով ցանկանում էր նաև Ռոբերտ Քոչարյանին ներքաղաքական գործընթացներից դուրս թողնել, պատգամավորն արձագանքում է․

«Ինչպե՞ս եք պատկերացնում Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը մասնակցում են ընտրություններին և Քոչարյանը դուրս է մնում քաղաքական անցուդարձից»։

Հակոբյանն ասում է՝ Տեր-Պետրոսյանը պետք է 23 տարի առաջ վերլուծություններ աներ և խիզախաբար հրաժարական տալով՝ երկիրը չհանձներ Ռոբերտ Քոչարյանին։

«Ա1₊»-ի դիտարկմանը, թե Տեր-Պետրոսյանն ասում է՝ հրաժարական է տվել քաղաքացիական պատերազմը բացառելու համար, Հակոբյանն ասում է․

«Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս կարողացավ կանխել քաղաքացիական պատերազմը, ասում էին՝ գնում ենք քաղաքացիական պատերազմի, փառք Աստծո, տեղի չունեցավ, թող բարի լիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, ունենար իշխանություն, որպեսզի կանխեր քաղացիական պատերազմը և նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալը»։

Հակոբյանն ասում է՝ ցավով է խոսում Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունների մասին, որովհետև 2008-ին մասնակցել է բոլոր հանրահավաքներին։

Պատգամավորը պնդում է՝ 30 տարի Ադրբեջանը պատերազմ չէր սկսում, որովհետև հայկական կողմից խոստումներ էին տրվում․

«Գնում էին Ադրբեջանի հետ բանակցելու, ասում էին՝ հողերը տալու ենք, նա չէր սկսում պատերազմը, գալիս էին, ասում էին՝ մեկը մի թիզ հող տվեց ազգի դավաճան է»։