Ի՞նչ Սերժ Սարգսյան, սա մեր երկրի ինստիտուտների կայացման համար է․ վարչապետը հիշեց նախկիններին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեղրիում ընթացող հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անհրաժեշտության մասին։
Ելույթի սկզբում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ինքն այդ հրապարակում 3-դ անգամ է ելույթ ունենում, որոնցից երկուսը նախընտրական պրոցեսների վերաբերյալ են եղել։
«Ես ուզում եմ, որ արձանագրեք, որ մեր Կառավարությունն այն Կառավարությունը չի, որ ընտրությունից ընտրություն են գնում մարզեր։ Մենք անընդհատ գալիս ենք, շփման մեջ ենք։ Այս պրոցեսը շարունակվելու է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև Փաշինյանը վերհիշեց՝ երբ 2015-ին սկսվում էր Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, մեղադրանքներ էին հնչում իշխանությունների հասցեին։
«Ասվում էր, որ հանրաքվեն արվում է Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար։ Եվ այն ժամանակ իշխանությունն ասում էր՝ չէ, ինչ եք ասում, տենց բան չկա, տենց բան չկա ժողովուրդ ջան, ի՞նչ Սերժ Սարգսյան, սա մեր երկրի ինստիտուտների կայացման համար է, և որպես ամենահզոր փաստարկ ասում էին՝ մի հատ նայեք, թե այս ինչ փոփոխություններ ենք մենք իրականացնում Սահմանադրական դատարանի ինստիտուտում, որը հեղափոխական նշանակություն է ունենալու Հայաստանի համար, և ամբողջ Եվրոպան ողջում է այդ փոփոխությունը»,-պատմեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ըստ այդ փոփոխությունների՝ ինչ էր նախատեսվում Սահմանադրական դատարանում, օրինակ՝ ՍԴ-ն պետք է լինի հավասարակշռված, ապակուսակցական մարմին։
«Ի տարբերություն նախկինի, երբ նույն խորհրդարանական մեծամասնությունը, ըստ էության, և՛ առաջադրում էր, և՛ ընտրում էր ՍԴ անդամի, ասում էին՝ հիմա փոխում ենք Սահմանադրական դատարանի ամբողջ ձևավորման կարգը։ Սրանից հետո ՍԴ-ի ձևավորման գործում Ազգային ժողովը թեկնածու առաջադրելու հնարավորություն չի ունենալու, ինքը քվեարկելու է միայն կողմ կամ դեմ։ Եվ ՍԴ-ի 3 անդամ առաջադրելու է Հանրապետության նախագահը, 3 անդամ՝ ՀՀ կառավարությունը, և ևս 3-ն էլ Դատավորների ընդհանուր ժողովը։ Այս թեկնածուները գնում են Ազգային ժողով, վերջինս էլ քվեարկում է»,- ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ սա երաշխիքն էր, որ Հայաստանը կուսկացական Սահմանադրական դատարան չի ունենա։ «Սա առաջին հեղափոխական մոտեցումն էր, ասում էին՝ հլը տեսեք՝ էս ինչ ենք արել»։
Երկրորդ փոփոխությունն, ըստ վարչապետի, այն էր, որ ի տարբերություն 2005թ․-ին ընդունված Սահմանադրական փոփոխությունների, երբ ՍԴ անդամը պաշտոնավարում էր մինչև 65 տարեկանը՝ 2015թ․-ին նախատեսվող Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ ՍԴ անդամների պաշտոնավարման ժամկետը կրճատվել է՝ դարձել 12-ը։ Ամենակարևոր՝ երրորդ փոփոխությունը , որ ի տարբերություն 2005թ․-ին ընդունված Սահամանդրական փոփոխությունների, Սահմանադրական դատարանի նախագահին ընտրում է ոչ թե Ազգային ժողովը, այլ Սահմանադրական դատարանը՝ իր կազմից։
«Շատ կարևոր է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը նախկինում էլի ցմահ էր, իսկ 2015թ․-ին նախատեսվող սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ ՍԴ նախագահի պաշտոնավարումը սահմանվում է 6 տարի, և նույն մարդը ՍԴ նախագահ կարող է ընտրվել մեկ անգամ 6 տարի ժամկետով։ Եվ այս մոդելը ձևակերպվեց Սահմանադրության մեջ, որը հենց այսօր է, հենց այս պահին 100%-ով ուժի մեջ է։ Այսինքն՝ այն գործող Սահմանադրություն է, երկրի բարձրագույն օրենք, հիմա հարց՝ այն, ինչ ես նկարագրեցի, մենք այդպիսի Սահմանադրական դատարան ունե՞նք, թե՞ չունենք։ Ոչ, մենք Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարան ունենք, բայց չունենք այն նկարագրությանը համապատասխան ՍԴ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։