Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Կամ ընդունում ու ասում ենք՝ բան է փոխվել, կամ մի ընդունեք և ասեք՝ հիմա էլ է այդպես լինելու․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովում շարունակվում են նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերի քվեարկությունները:

Ազգային ժողովում երեկ քննարկվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

ԼՀԿ-ն առաջարկում է, որ օրենքում նշվի, որ  համապատասխան անձիք կարող են անարգել տեսակցել ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրերում պահվող անձանց հետ:

Հիշեցնենք, որ գործող   օրենքը սահմանում է այն պաշտոնատար եւ այլ անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու վայրեր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն: Բայց պրակտիկայում ՁՊՎ-ներում եւ ՔԿՀ-ներում առաջանում են խոչընդոտներ, քանի որ այստեղ բառացիորեն չի նշվում, որ ՁՊՎ եւ ՔԿՀ մուտքի իրավունքը ներառում է նաեւ ձերբակալված կամ կալանավորված անձին տեսակցելու հնարավորությունը:

Նախագիծն ընդունվեց 70 կողմ , 21 դեմ, 22 ձեռնպահ ձայներով։

«Իմ քայլ»-ից Նիկոլայ Բաղդասարյանը առաջարկեց մերժել, որովհետև գործող օրենսդրությամբ, ըստ նրա, որևէ արգելք չկա, որ պատգամավորը հանդիպի կալանավորված և ձերբակալված անձանց:

«Խնդիրն առաջանում է միայն այն դեպքում, երբ քննիչի որոշմամբ՝ սահմանափակում է դրված լինում»,- նշեց նա:

Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց, որ օրենքն ունի պատմություն.

«Պատգամավորները անարգել տեսակցել են մինչև այն պահը, երբ ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվը մեծացավ: Արդարադատության նախարարը սկսեց մեկանաբանել, որ իրավունք չունեք, քանի որ քննիչի արգելք կա, և այդ ժամանակ այս նախագիծը բերվեց, Նիկոլ Փաշինյանն էր զեկուցում, ինքն էր հեղինակը «Ելք» դաշինքի ժամանակ»:

Մարուքյանի պնդմամբ՝ եթե օրենքը չընդունվի, նշանակում է, որ նախորդ իշխանության մեկնաբանությունից մինչև այսօր բան չի փոխվել:

«Այս օրենքը ինդիկատոր է, կամ ընդունում ենք ու ասում ենք, որ բան է փոխվել, կամ մի ընդունեք և ասեք, որ հիմա էլ է այդպես լինելու, քաղբանտարկյալներ են լինելու, դուք չեք կարողանալու հանդիպեք, որովհետև նախաքննության մարմինները թույլ չեն տալու»:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հաստատեց, որ իրեն բազմիցս արգելել են մտնել քրեակատարողական հիմնարկներ: