Չպետք է լինի այդպիսի ուժ, որն ի վիճակի լինի փակել հայկական պետականությունը․Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին, ընդգծեց, որ պատմական դարաշրջան է եղել, երբ ռազմավարական մտածողության բացակայությունը հայ-վրացական հարաբերությունների ճակատագրի վրա նեգատիվ ազդեցություն է ունեցել։
«Եվ հենց այդ մտորումներն են, որ ինձ բերել են այն եզրահանգմանը, որ մենք պետք է ունենանք հարաբերությունների ռազմավարական ընկալում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը վերհիշելով պատմությունը, Հայաստանի համար լավ և վատ ժամանակաշրջանները, շեշտեց, որ Հայաստանը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան։
«Չպետք է լինի այդպիսի ուժ, որն ի վիճակի լինի փակել հայկական պետականությունը։ Այսօր մենք ունենք այդպիսի ներուժ, և սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ ՀՀ-ն ոչ միայն Հայաստանի քաղաքացիների հայրենիքն է, այլև բոլոր հայերի պետությույնն է, անկախ նրանից, թե այդ մարդիկ որ պետության քաղաքացի են։ Մենք շատ հպարտ ու շահագրգռված ենք, որ Վրաստանի հայությունը լինի լիարժեք, պատասխանատու Վրաստանի քաղաքացի, դա շատ կարևոր արժեք է մեզ համար, որովհետև դա կարևորագույն նախապայմաններից մեկն է մեր հարաբերությունների բնականոն զարգացման և բարձր մակարդակի համար։ Բայց նաև մենք համարում ենք, որ Հայաստանի վերաբերմունքը Հայաստանից դուրս ապրող հայերի նկատմամբ և Հայաստանից դուրս ապրող հայերի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ պետք է փոխվի, պետք է դառնա ավելի կառուցողական։ Այս է պատճառը, որ մենք մեր քաղաքականության հիմքում դնում ենք համահայկականության գաղափարը։ Ամբողջ աշխարհի հայությունն ունի այդպիսի ներուժ, որպեսզի երաշխավորի անկախ, ինքնիշխան, ուժեղ, հզոր Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Ամբողջ աշխարհի հայ ժողովուրդն ունի այդպիսի ներուժ, որ սեփական ձեռքը վերցնի սեփական ճակատագրի ղեկը և թույլ չտա այլևս, որ ուրիշը տնօրինի Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։