«1998-ից առայսօր իմ երեխային ողջերի մեջ եմ ման եկել»
Աջակցիր «Ա1+»-ին«Ռազմիկ Աբրահամյանն ինձ կեսարյան վիրահատություն է արել, ես նրան չեմ տեսել, իմ եղբայրն է նրա հետ խոսել։ Երեխաս ծնվել էր 7 ամսական, ասացին, որ մանկաբույժի անփութության պատճառով երեխան մահացել է։ Մինչ այդ ես մանկաբույժին հարցրել էի երեխայի առողջական վիճակից, ասել էր՝ նորմալ է, քո երեխան թոքերի անբավարարություն ունի, բայց արդեն լավ է։ Ասացին՝ պատրաստվի, որ վաղը երեխային կերակրես, առավոտյան եկան, ասեցին, որ երեխան մահացել է»,- պատմում է Շողիկ Միքայելյանը։
Նա մեկն է այն կանանցից, ովքեր այսօր հավաքվել էին գլխավոր դատախազության մոտ ու պահանջում էին կալանավորելապօրինի որդեգրումների գործով անցնող Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին։
«1998 թվականից առայսօր իմ երեխային ողջերի մեջ եմ ման եկել։ Հինգ ամիս է, ինչ դիմել եմ ոստիկանություն։ Ես սպասում եմ, որ Ռազմիկ Աբրահամյանին պատժեն իր հանցակիցների հետ միասին»։
Հավաքված կանանցից մեկն էլ պատմում է, որ ծննդաբերել է 2019 թվականի մարտի 8-ին, Էրեբունի հիվանդանոցում, երեք օր հետո տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց։
«Մեկ օր անցել է, ծնունդն ընդունել են կեսարյան հատումով, դա էլ հերիք չի, մի ծխող բժշկուհի կար, այնքան էր ինձ վիրավորում, երեկ գնացել էինք Էրեբունի հիվանդանոց։ Ասեցի՝ խնդրում եմ այդ բժշկուհուն կանչեք, հարցնեմ՝ բոլորի՞ն եք այդպես վերաբերվում։ Ծննդկանները գալիս են, նրանց լացացնո՞ւմ էք։ Երեխան ծնվել էր 7 ամսական։ Նախորդ օրերին երեխային տեսել եմ, սակայն իրենք ուրիշ երեխա են ցույց տվել, իմ երեխան փոքր երեխա էր, իսկ իրենք ինձ մեծ չափսով երեխա են ցույց տվել։ Նույնիսկ չտվեցին, օրգանները տանեի և կրկնակի հետազոտություն անցկացնեի, պարզեի՝ իմ երեխա՞ն է թե՞ ոչ։ Իրենք իրենց թղթերում ինչ ուզում, գրում էին, իրենց ասածն էին առաջ տանում»,- ասաց նա։