Մեկի համար «բեսպրեդել», մյուսի համար՝ արդար որոշում․ ակցիա՝ դատարանի բակում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին զուգահեռ վերջինիս աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում դատարանի դիմաց։ Նրանք այս անգամ պահանջում էին ոչ միայն կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին, այլեւ 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին, ով մեղադրվում է այս գործով վկայի վրա ճնշում գործադրելու մեջ։
«Մենք չենք ուզում, որ Հայաստանը լինի այսպիսի խայտառակ իրավիճակում։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ կոչ անել իրավապահ մարմիններին չոտնահարել օրենքը»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների՝ Հայաստանում իրավական «բեսպրեդել» է, և նրան քաղաքական հայացքների համար են ձերբակալել, ոչ թե սահմանադրական կարգը տապալելու։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Դատարանի բակում էր նաեւ մեկ այլ խումբ, որը դեմ էր Քոչարյանի եւ մյուսների խափանման միջոց կալանքը փոխելուն։ Նրանք նաեւ պահանջում էին չվիրավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսպես կոչված, «քոչարյանական հեռուսալիքներով»։
«Վարչապետին անպատվելով՝ իրենք իմ ազգին ու ընտանիքին են անպատվում։ Մեր թափած արյունը Արցախում ոտատակ են տալիս»,-ասաց ընդդեմ Քոչարյանի ակցիա իրականացնողներից Պարգև Բալոյանը։
Նա նաեւ նշեց, որ տվյալներ ունի, որ ի պաշտպանություն Քոչարյանի հանդես եկողների մեծ մասը գումար է ստանում․ «Շատ ծանոթներ ունեմ, որ աջակից լինելու համար փող են վերցնում, տան վարձ ու հոսանքի փող են մուծում»։
Մանրամասները՝ տեսանյութում