A
A
Ձեր ամուսիներին մեր խմբից մահ չի պատճառվել. Պավել Մանուկյանը՝ ոստիկանների այրիներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր-անդամ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա Ծռեր» խմբի տասն անդամների գործով դատական նիստը։
Հարցաքննության ընթացքում Խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը հրաժարվեց պատասխանել դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցերին։ Պետրոսյանը հարցեր էր տալիս, Կյուրեղյանն ասում էր. «Չեմ պատասխանում»։ «Ինչպես դատավորները լիազորություններ չունեն Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու, այնպես էլ դատախազները»։
«Սասնա Ծռեր»-ի անդամն այդպես էլ դատախազի հարցերին չպատասխանեց։
ՊՊԾ գնդի տարածքում զոհված, գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը, հարցեր ուղղեց ամուսնու մահվան հանգամանքների վերաբերյալ։ Ի պատասխան Կյուրեղյանն ասաց, որ հարցերին կպատասխանի այլ քննության ընթացքում, այլ դատարանում։ Գործով ամբաստանյալ, Արցախյան ազատամարտիկ Պավել Մանուկյանը նույնպես ասաց, որ իրենց հարազատների վրա ճնշումներ են գործադրվել։ Նա նշեց, որ նույնիսկ իրավապահ մարմինները մտել են իր բնակարան, տակնուվրա արել, Ազգային հերոս Պետրոս Ղևոնդյանը նկարն են ճմռթել, որն իր մարտական էստոնացի ընկերոջ ձեռքի աշխատանքն էր։
Մանուկյանի խոսքերով՝ գնդի գրավման պատճառները եղել են այդ ժամանակվա ընտրակեղծիքները, բռնությունները. «ՊՊԾ գունդը ծառայում էր որպես բութ գործիք այդ ոճրագործների ձեռքին»։
Ազատամարտիկը նաև դիմեց գործով տուժող ճանաչված զոհված ոստիկանների այրիներին՝ Հասմիկ Ոսկանյանին և Արփինե Թումասյանին. «Ձեր ամուսիներին մեր խմբից մահ չի պատճառվել, նրանք իշխանությունների զոհն են»։ Մանուկյանը հավելեց, որ փոխհրաձգության ընթացքում գնդապետ Վանոյանը զոհվել է։