«3 ամսվա ընթացքում 20 տոննա ստվարաթուղթ գնացել է վերամշակման» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴավիթաշենի տարածքում այս պահին պաշտոնապես գրանցված 200 ընտանիք կանոնավոր տեսակավորում են աղբի իրենց թափոնները և հանձնում «Էկո աղբ» հասարակական կազմակերպությանը․ ծրագրի շրջանակներում 7 ամսվա ընթացքում «Էկո աղբ» հասարակական կազմակերպությունը հավաքագրել է մինչև 500 կգ թուղթ, 200 կգ պլաստիկ, 300կգ, ապակի և պոլիէթիլենային թափոն՝ մինչև 80 կգ։ Վերամշակմամբ զբաղվող գործարաններ կան, բայց պետք է մտածել արտադրական կենտրոնների հզորացնելու և շատացնելու մասին, նշեց «Էկո աղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանը։
Նրա հավաստմամբ՝ ծրագիրը մեկնարկել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում՝ այս տարվա ապրիլ ամսին։ Նախատեսված է եղել, որ ծրագիրը պետք է տևի 6 ամիս, սակայն բնակիչների ներգրավվածությունը գործին տեսնելով՝ ծրագիրը շարունակել են 7 ամիս։ Ծրագրի արդյունքում կարողացել են թափոնների տեսակավորել՝ առանձնացնելով ապակիները, պլաստիկը և ստվարաթուղթը։
Ասում է՝ մյուս վարչական շրջանների բնակիչները ևս աղբի տեսակավորման հարցում հետաքրքրություն են ցուցաբերում և հաճախ դիմում իրենց։
«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Շեխոյանը նշում է, որ ծրագրին քաղաքապետարանը միացել է սեպտեմբեր ամսից։ Դավթաշեն վարչական շրջանում իրականացվում են ստվարթղթի տեսակավորման աշխատանքները։ Շատ տնտեսավարողներ առանձնացնում են ստվարաթուղթը և քաղաքապետարանի մեքենաները իրենցից վերցնում է թափոնը։ Արդեն Մեկ ամիս է, ինչ Աջափնյակ համայնքում եւս գործում է այդ ծրագիրը։ Ծրագրվում է այն իրականացնել ամբողջ Երևանում, քանի որ ստվարաթուղթը հնարավորություն ունի երկրորդ կյանք ստանալու։
«3 ամսվա ընթացքում 20 տոննա ստվարաթուղթ գնացել է վերամշակման, եթե ունենանք այլ գործարաններ, դա ևս օգուտ կլինի քաղաքապետարանի համար։ Ծրագրավորվում է, որ բոլոր վարչական շրջաններում հատուկ հատկացված թափոնամաններ կտեղադրվեն քաղաքացիների համար»,- նշեց Արմեն Շեխոյանը։