Զինվորական դատախազությունը պատասխանել է «Կոռուպցիային հակազդելու միջազգային կոմիտե» կազմակերպությանը
Աջակցիր «Ա1+»-ին2019 թվականի Հոկտեմբերի 10-ին«Զորացրված զինծառայողներ» միության անդամները հավաքվել էին կառավարության շենքի առջև և դիմում փոխանցել, որը հասցեագրված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Կոռուպցիային հակազդելու միջազգային կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Գազարիկյանի ստորագրությամբ փոխանցված դիմումի մեջ նշված էր, որ 2005 թվականից զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդայինները սխալ են հաշվարկվել, և խախտվել է Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի (ամենամյա արձակուրդի վճարումը) պահանջները։
Ըստ դիմումի՝ զինծառայողները տարիներ շարունակ նախատեսվածից ավելի քիչ արձակուրդային վճար են ստացել, ինչպես նաև՝ անտեսվել է փոխհատուցման հարցը։
«Եթե հաշվի առնենք, որ այդ գումարները պետական բյուջեում հաշվարկվել են և փոխանցվել հիմնարկներին․․․ մոտավոր հաշվարկներով ստացվում է, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները 2005 թվականից սկսած, այս հանցավոր եղանակով յուրացրել են շուրջ 120-130 միլիոն դոլարի կարգի գումար, անամոթաբար թալանելով մեր զինվորականներին և նրանց հավասարեցված անձանց»,- նշվել էր դիմումի մեջ։
Հասարակական կազմակերպությունը տեղակացրել էր նաև, որ վերոնշյալը դեռևս 2015 թվականին բացահայտել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ծառայող՝ արդարադատության մայոր Էդգար Հովհաննիսյանը, որը հետագայում ապօրինի կերպով հետապնդվել էր և օրենքի խախտումներով ժամանակավոր անաշխատունակ ճանաչվել և հետո ազատվել աշխատանքից։
«Ա1+»-ին է փոխանցվել Փաշինյանին հասցեագրված դիմումի պատասխանը։ Դիմումատուին պատասխանել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը։
Պատասխանի մեջ նշված է, որ «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդայինը սխալ է հաշվվում» նյութի հիման վրա Քննչական կոմիտեի զինվորականն քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ավելի վաղ նախապատրաստվել են նյութեր և դեռևս 2019 թվականի ապրիլի 8-ին որոշում է կայացվել Քրեական գործը հարուցելը մերժելու մասին։
Զինվորական դատախազության պատասխանի մեջ գրված է, որ գործի հարուցումը մերժելու որոշմումը «Հելսինկյան քաղաքացիական ասամբելեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպության նախագահ Արթուր Սաքունից կողմից բողոքարկվել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի 2019 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ բողոքը մերժվել է։
«Նշված որոշման դեմ Ա․ Սաքունցի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի քննությունը շարունակվում է մինչ օրս։ Ինչ վերաբերում է ՀՀ ԱՆ ՔԿԾ նախկին աշխատակից Էդգար Հովհաննիսյանին աշխատանքից ապօրինի ազատման խնդրին, ապա հարկ է նշել, որ տվյալ հարցը ՀՀ զինվորական դատախազության քննարկման տիրույթից դուրս է»։
Նշենք, որ «Ա1+»-ն անդրադարձել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» կազմակերպության հիշյալ Վերաքննիչ բողոքի գործով դատական գործընթացներին։

