Բացել լրահոսը Փակել լրահոսը
18.thumb
A A
Հասարակություն

Դատավորը խոսել է Նազիկ Ամիրյանի և Մանվել Գրիգորյանի գործերի առանձնացման մասին (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստը։

Գրիգորյանի փաստաբանները խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու միջնորդություն էին ներկայացրել՝ նշելով, որ առողջական վիճակն անհամատեղելի է անազատության պայմանների հետ եւ նկատվող բացասական դինամիկան Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։ Սակայն դատարանը մերժեց այն։ Այնուհետև փաստաբանները միջնորդություն ներկայացրին իրենց պաշտպանյալի՝ առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն տված հանձնաժողովի փորձագետներին դատարանում հարցաքննելու համար։ 

Դատախազ Վահե Դոլմազյանը դեմ արտահայտվեց Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը քննող հանձնաժողովի փորձագետների դատարանում հարցաքննությանը։ 

Նիստի ընթացքում դատավոր Մարտիրոսյանը խոսեց Նազիկ Ամիրյանի և Մանվել Գրիգորյանի գործերի առանձնացման հնարավորության մասին։ Իսկ հանձնաժողովի փորձագետների դատարանում ցուցմունք տալու հնարավորության մասով՝ Մարտիրոսյանը որոշում կայացրեց դրա վերաբերյալ միջնորդությանն այսօր չանդրադառնալ։

Ամիրյանի և Գրիգորյանի փաստաբանները դիրքորոշում հայտնեցին, որ գործից մաս անջատելու միջնորդությանը պետք է անդրադառնալ փորձագետների հարցաքննությունից հետո միայն, միաժամանակ կասկածանք հայտնեցին այդ պարագայում համակողմանի քննության վերաբերյալ։

Մնացական Մարտիրոսյանը նիստը հետաձգեց, իսկ հաջորդ նիստին՝  նոյեմբերի 12-ին, դատարանը կլսի կողմերի դիրքորոշումը գործից անջատման ու փորձագետների հարցաքննության հնարավորության վերաբերյալ։

Նիստից հետո ԵԿՄ նախկին նախագահի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ դատաքննչական փորձաքննությունն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխանել և դա էր իրենց համար փորձագետներին հարցաքննելու անհրաժեշտություն առաջացրել։ «Կոնկրետ որոշակի հարցերի, որոնք որ պաշտպանական կողմն էր անդրադարձել, պատասխաններ փորձաքննության եզրակացության մեջ չկար»,- շարունակեց նա։

Մկրտչյանն ասաց, որ հանրության մեջ կարծիք կա, որ Գրիգորյանին կալանքի տակ պահելը պայմանավորված է «Մարտի 1»-ի գործով այս կամ այն կողմ ընտրելու հանգամանքով։ «Կրկնվում է 2008 թվականի մարտի 1-ից հետո առաջացած իրավիճակը, երբ Մանվել Գրիգորյանին արհեստական կերպով փորձում են ներքաշել քաղաքականություն և պարտադրում են, որ ընդունի այս կամ այն կողմը։ Եվ եթե դու չես ընդունում այս կամ այն կողմը, ապա դատապարտված ես խոշտանգումների, ինչը որ հիմա տեղի է ունենում»,- ընդգծեց նա՝ պարզաբանելով, որ այս կամ այն կողմ ասելով՝ նկատի ունի նախկին և ներկա իշխանություններին։

Ըստ Մկրտչյանի՝ քանի որ Գրիգորյանն իրեն դիրքավորում է որպես պետականամետ գործիչ, հայրենիքի զինվոր, երբեք չի եղել «սրա մարդը կամ նրա մարդը», և այս պարագայում հայրենասերներին քաղաքականություն քաշելու այլասերված փորձերը դատապարտված են անհաջողության։ «Որովհետև գեներալները, հերոսները հայրենիք պաշտպանելու համար են և ոչ թե քաղաքական ծանրակշռություն ապահովելու՝ իրենց ցուցմունքների հաշվին»,- շարունակեց նա։

Փաստաբանն ասաց, որ իրեն առաջարկ է արվել երեք անգամ ավելի վճար տալ, քան ստանում է Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանության համար․ «Ես շատ պարզ ասեցի՝ «Շատ ավելի քչին էլ եմ համաձայն», ասեցի՝  «Մի թիզ ազատագրված հայկական հող տվեք, համենանայնդեպս Մանվել Գրիգորյանն ունի դա արած»։ Եթե մեկը կարող է Մանվել Գրիգորյանի ազատագրած հողերից ավելի կամ համեմատականի մեջ դրվող ավելի պակաս բան, պատրաստ եմ Գրիգորյանի պաշտպանությունը դադարեցնել»։

Հարցին, թե Մանվել Գրիգորյա՞նն էլ  է այն կարծիքին, որ իրեն ստիպում են «Մարտի 1»-ի գործով ցուցմունք տալ, Մկրտչյանը պատասխանեց, որ ԵԿՄ նախկին նախագահը չի ուզում դրան հավատալ։ «Իհարկե, քննարկում եղել է և իհարկե ոչ մեկիս համար էլ, այդ թվում Մանվել Գրիգորյանի, գաղտնիք չէ, որ ուժեր կան, որ կցանկանային նման զարգացումներ։ Մանվել Գրիգորյանը ցուցմունք տվող չէ, հատկապես պետության, պետականության հետ կապված գործերում»,- շեշտեց  Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ Գրիգորյանը չի հանձնվի։