Նախարար Ռուստամ Բադասյանը համտեսեց դատապարտյալների համար պատրաստված սնունդը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարարությունը «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում սննդի մատակարարման պիլոտային ծրագրեր է իրականացնում։ Նախարարությունն այսօր պրես տուր էր կազմակերպել դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, տեղում ծանոթանալու դատապարտյալների և կալանավորված անձանց տրամադրվող սննդի որակին ու տեսականուն։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անձամբ փորձեց սնունդը։ Հարցին, թե սնունդը համե՞ղ է, նախարարը պատասխանեց՝ նորմալ։
Նշենք, որ սննդի ապահովման գործառույթը վստահվել է մասնավոր ընկերությանը։ Նախատեսված է նախաճաշ, ճաշ և ընթրիք։ Պիլոտային ծրագրերը փորձարկվում են հոկտեմբերի 15-ից և 16-ից 70 օր տևողությամբ։
Նախարարը տեղեկացրեց, որ պետությունը ցանկանում է բոլոր քրեակատարողական հիմնարկներում սննդի մատակարարում իրականացնել։ Ռուստամ Բադասյանը ենթադրում է, որ 21 թվականից բոլոր քրեակատարողական հիմնարկներում կլինի սննդի պատշաճ մատակարարում։
«Ծրագիրը պետք է միանշանակ շարունակել, խնդիրը միայն ֆինանսական է, պետք է հասկանաք, թե 2020թ․ սկսած քանի քրեակատարողական հիմնարկում կարող ենք շարունակել ծրագիրը։ 3 տարբերակ է քննարկվում։ Եթե 2 ՔԿՀ-ներում շարունակենք ծրագիրը, ապա 2020թ․ բյուջեով նախատեսված գումարը գրեթե բավարար է, աննշան հավելում է պահանջում, եթե 4 ՔԿՀ-ներում շարունակենք, ապա 250 մլն դրամ լրացուցիչ գումար կպահանջվի, իսկ եթե բոլոր՝ 12 ՔԿՀ-ներում շարունակենք, ապա 570 մլն դրամ է հավելյալ անհրաժեշտ»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
Սննդի մատակարարումն իրականացնող ընկերության աշխատակից, խոհարար Էդուարդ Զավոյանը «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ամեն օր նույն սնունդը չի տրվում։ Հետաքրքրվեցինք, դատապարտյալները նախընտրելի ուտելիք ունե՞ն, արձագանքն այսպես էր․
«Բոլորն էլ ուտում են, շատ գոհ են, աշխատակիցների հետ նամակ են ուղարկում, որ շատ համեղ է, շնորհակալ ենք»,- ասաց նա։
Դատապարտյալներից նույնպես հետաքրքվեցինք, սննդից գո՞հ են, պատասխանները դրական էին։
«Նախկինում էլ էր լավ, բայց հիմա ավելի լավ է»,- ասաց դատապարտյալներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։