Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կրկին խոսեց ԱԱԾ-ից կորած նյութերից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում կարևոր փաստաթղթեր են ոչնչացվել։
Ե՞րբ եք պարզել, որ այդ նյութերը ոչնչացվել են, ինչո՞ւ քրեական գործ հարուցված չէ, և ինչո՞ւ, օրինակ, նախկին ԱԱԾ ղեկավար Կուտոյանը բանտում չէ. այս հարցն ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ։
«Ամսաթվով չեմ կարող ասել, թե կոնկրետ որ օրն ենք հայտնաբերել, բայց նախորդ տարի ենք հայտնաբերել, ամռանը»,- պատասխանեց վարչապետը։
Կառավարության ղեկավարն ասաց, որ դեպքի առնչությամբ սկսվել են նյութերի ուսումնասիրությունները, ինչպես նաև՝ ընդգծեց , քանի որ մարդկանց մոտ հարցեր են առաջացել, թե ինչ տեղեկություններ ունի Ազգային անվտանգությունը «Մարտի 1»-ի վերաբերյալ, ուստի փաստաթղթերի բացակայության վերաբերյալ բարձրաձայնելու անհրաժեշտութուն է առաջացել։
«Երևի նույնիսկ սխալ է ասել՝ ոչնչացվել, որովհետև ավելի ճիշտ կլինի ասել տեղում չեն, որովհետև կարող ա վառվել են, կարող ա ուրիշ տեղ պահվել են, կարող ա ոչնչացվել են։ Ինչ-որ բան տեղի ա ունեցել»,- շեշտեց նա։ Իսկ հասկանալու համար, թե ինչ է եղել, Փաշինյանի խոսքով, ծառայողական քննություն է անցկացվել, ինչ-որ ժամանակահատվածում՝ գաղտնի, իսկ հիմա արդեն հրապարակայնացնելու ժամանակն է։
«Փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի և տեղի կունենա համապարփակ քննություն։ «Իսկ ով բանտում կհայտնվի, չի հայտնվի». էդ հարցերում իմ դիրքորոշումը գիտեք»,- եզրափակեց նա։
Արձագանքելով՝ Բաբաջանյանը հետաքրքրվեց, արդյո՞ք Փաշինյանը կասկածներ ունի, որ նյութերը կապ ունեն «Մարտի 1»-ի հետ, թե՞ այնպիսի տեղեկություններ ունի, որ դրանք կապ ունեն, թե՞ կապ ունեն այլ գործերի հետ։
«Որ դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում, ակնհայտ է. և՛ մարդկանց, և՛ իրադարձությունների։ Ընդդիմադիր գործչի նկատմամբ ինչ գործողություն է ձեռնարկվել... Որոշ դեպքերում պատառիկներ են մնում, և էդ պատառիկների հետևից գնալով՝ արձանագրում ենք, որ բուն նյութը չկա և էդպես...»,- պատասխանեց Փաշինյանը՝ եզրափակելով, որ ուսումնասիրության ընթացքում է պարզվել փաստաթղթերի բացակայության խնդիրը։
Օրվա վերջում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը,անդրադառնալով այս հարցին,ասել է ,որ ծառայողական քննություն է ընթանում եւ եթե լինի հանցակազմ, քրեական գործ կհարուցվի։