Փաշինյանը ներողություն խնդրեց, եթե սխալ է ընկալվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Դու նշեցիք, որ ԱԱԾ տնօրենը եկել է Ձեզ մոտ և ասել է, որ Դավիթ Սանասարյանի գործը տանք ՀՔԾ-ին, որովհետև մեղադրում են մեզ, որ կարող է այլ կերպ քննվի։ Դուք դեմ էիք եղել դրան». «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հիշատակեց Փաշինյանի խոսքն այսօրվա ասուլիսին։
Մարուքյանն ասաց, որ ցանկանում է հասկանալ, թե ո՞ր օրենքով է վարչապետն առաջնորդվել, երբ որ սկսել է զբաղվել քրեական գործերի ընդհատության հարցով։
«Այսինքն՝ էն համակարգի մասին, որ Դուք հերքում եք՝ ասելով, որ սուպերվաչապետական համակարգ չկա, հետո Դուք Ձեր ասուլիսում ասում եք, որ կա։ Որովհետև եթե Ձեզ գալիս-հարցնում են ո՞ր քրեական գործով քննի, ուրեմն դա սուպերվարչապետական համակարգ է»,- հայտարարեց Մարուքյանը՝ հարցադրում անելով, թե որ օրենքով է առաջնորդվել ՝ քննարկելով այդ հարցը։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, ինչպես նաև, որ ԱԱԾ տնօրենը վարչապետին ենթակա պաշտոնյա է։
«Եվ երբ որ հարցը ստացել է քաղաքական հնչեղություն և քանի որ հարցի վերաբերյալ մոտեցումը եղել է քաղաքական պատճառով, ոչ թե իրավական, քանի որ էսպիսի քաղաքական հարցադրում կա, գուցե, քաղաքական որոշում կայացվի, որ այս հարցով ուրիշ մարմին քննարկի, որպեսզի քաղաքական շահարկումներ չլինեն »,- ընդգծեց վարչապետը՝ հիշեցնելով իր՝ քաղաքական պատասխանատվություն կրելու հանգամանքը։
Նա նշեց, որ քրեական գործի վերաբերյալ տեղեկատվություն ունի այնքան, որքան՝ հանրությունը, իսկ ավելին ունեցածը Ազգային անվտանգության ծառայությունից չէ։
Արձագանքելով՝ Մարուքյանը հղում արեց ՔԴ օրենսգրքին՝ նշելով, որ եթե քրեական գործի ընդդատությունը խնդիր է առաջացնում, ապա դատախազությունը կարող է մեկից վերցնել տալ մյուս մարմնին։
«Այսինքն՝ էդ հարցը չէր կարող Ձեզ մոտ քննարկման առարկա դառնալ։ Քաղաքական կոնտեքստը, բնականաբար, հասկանալի է, թե քաղաքական հայտարարություններում կա, պետք է քաղաքական պատասխաններ տալ, բայց ՔԴ օրենքը շատ հստակ է»,- շարունակեց նա։
ԼՀ ղեկավարը ասաց, որ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ Լուսավոր Հայաստանի առաջարկած օրինագծի վերաբերյալ միտք է հնչեցրել, թե ԼՀ-ն աջակցել է ահաբեկչական ինչ-որ կառույցի։ Վերջինի վերաբերյալ Մարուքյանը կրկին հերքում պահանջեց կառավարության ղեկավարից։
Քրեական գործի վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ քաղաքական հնչեղությունը հաշվի առնելով, կարող էր միջնորդել գլխավոր դատախազին՝ ասելով. «Խնդրում եմ քննարկեք էս գործի էս տեղից էս տեղը տանելու հարցը» և այստեղ կատաստրոֆա չկա։
Անդրադառնալով օրինագծի հետ կապված միջադեպին՝ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց. «ԼՀԿ-ն ոչ մի ահաբեկչական խմբավորման չի աջակցում և բոլոր նրանք, ովքեր այսպես են ընկալել իմ հայտարարությունը, սխալ են ընկալել։ Եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը, ես ներողություն եմ խնդրում դրա համար»։