Կառուցապատողները չգիտեն՝ ինչ կանեն, եթե ցեմենտի գինը թանկանա (տեսանյութ)
Կառավարությունն առաջարկում է ավելացնել ցեմենտի ներմուծման տուրքը, ըստ որի՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ տուրք է սահմանվելու: Այս օրինագծի շուրջ դժգոհությունները օրեր շարունակ չեն դադարում:
Ըստ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի վերլուծության՝ 2018 թվականին Հայաստանում ցեմենտի տարեկան իրացման ծավալը կազմել է 680 000 տոննա, որի 75%-ը եղել է տեղական ցեմենտը, իսկ մնացյալ՝ 25%-ը ներմուծված: Կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանի խոսքով, օրինագիծը մեծ ռիսկեր է պարունակում:
«Կառուցապատողներն արդեն իսկ ունեն կնքված պայմանագրեր՝ հիմք ընդունելով ցեմենտի նախկին գինը»,- նշեց Մարինե Առաքելյանը:
Իսկ «Առնի Թրեյդ» կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը նկատեց, որ ներկայացրած թվերը այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Արամ Խաչատրյանի՝ Հայաստանում միշտ եղել է ցեմենտի բարձր արտադրողականություն:
«Հայաստանում միշտ ցեմենտի գործարանները արտադրել են 800 000 տոննայից ոչ պակաս: Տարիներ շարունակ 80% -ը ստվերում է եղել, գնալով կրճատվել է այդ ստվերը, անցյալ տարի 30%-էր»,- նկատեց ընկերության ներկայացուցիչը:
Կառուցապատող ընկերության ներկայացուցիչը վստահեցնում է, որ իրանական ցեմենտն ավելի որակյալ է:
«Նախորդ կառավարությունները միշտ սահմանել են շատ բարձր հսկիչ գին, որը եղել է 200 դոլարին մոտ: Իշխանափոխությունից հետո ընդամենը 1 ամսով հսկիչ գինը իջեցվել է 100-ին մոտ, տեմպերով սկսել են ներկրել իրանական ցեմենտ և մեր ժողովուրդը տեսավ, որ այն շատ որակով է: Բայց հետո տեղական արտադրողների հետ լոբբինգի շնորհիվ գինը նորից բարձրացավ 200 դոլար»,- նկատեց Արամ Խաչատրյանը:
Կառուցապատող և ներկրող մյուս ընկերության՝ «Իսթեյթ Ինվեսթմենթ ընդԴիվելոփմենթ» ներկայացուցիչ Կարեն Գասպարյանն էլ կարծում է, որ ցեմենտի ներմուծման տուրքի ավելացումը անընդունելի է:
«Հարց է առաջանում, ներմուծման ժամանակ պետությունը ի՞նչ ծառայություն է մատուցում ներմուծողին, որ դրա դիմաց էլ գանձում է 22 000 դրամ պետական տուրք»:
Նշենք, որ ներկրվող ցեմենտի համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում, սակայն տուրք չի սահմանվում ներկրվող կլինկերի (ցեմենտի հումք) համար։