Հաղթարշավը կասեցվեց
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Փյունիկը» ընթացիկ առաջնությունում առաջին անգամ միավորներ կորցրեց: Վարդան Մինասյանի սաները այսօր 2:2 հաշվով ավարտեցին «Միկայի» հետ արտագնա մրցավեճը:
7-րդ տուրի հետաձգված խաղը կայացած «Միկայի» հարկի տակ եւ արդեն 10-րդ րոպեին Էդնեյը առաջ մղեց դաշտի տերերին, իսկ «Փյունիկի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը ընթացիկ առաջնությունում ընդունեց առաջին գնդակը: Ընդամենը 8 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Հենրիխ Մխիթարյանը, որը վերջին շրջանում բավական արդյունավետ խաղ է ցուցադրում «Փյունիկի» կազմում:
68-րդ րոպեին «Միկայի» կոտդիվուարցի հարձակվող Բոտի Դեմելը կրկին առաջ մղեց իր թիմին, սակայն 10 րոպե անց նույն Հենրիխ Մխիթարյանը խփեց պատասխան գնդակը: Խաղը ավարտվեց ոչ-ոքի եւ «Միկային» հաջողվեց կասեցնել 6 խաղից բաղկացած «Փյունիկի» հաղթարշավը:
Եւս մեկ հետաձգված խաղում մրցեցին «Բանանցը» եւ «Կիլիկիան»: Խաղը անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ, որոնք հաղթեցին 3:0 հաշվով: «Բանանցի» կազմում մեկական գնդակ խփեցին Նորայր Գյոզալյանը, Սարգիս Նասիբյանը եւ Ժորա Ստեփանյանը:
Այսպիսով ավարտվեց Հայաստանի առաջնության առաջին շրջանը: Կայացած 7 տուրերում պարտություն չկրեց միայն «Փյունիկը», որը 6 հաղթանակ տոնեց եւ մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Չեմպիոնը 19 միավորով ընթանում է առաջին հորիզոնականում, իսկ «Բանանցը» վաստակել է 18 միավոր: Լավագույն եռյակը 14 միավորով եզրափակում է «Միկան»:
Ռմբարկուների պայքարում առաջատարը Հենրիխ Մխիթարյանն է: 20-ամյա հարձակվողը 7 խաղերում նույնքան գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը: 5 գնդակ է խփել «Միկայի» լեգեոներ Բոտի Դեմելը: