Պատասխանեցին մեղադրանքներին
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատի» ղեկավարները այսօր հրավիրված հատուկ ասուլիսով պատասխանեցին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մայիսի 11-ին հնչեցրած մեղադրանքներին:
Թեեւ «Արարատի» նախագահ Հրաչ Կապրիելյանը եւ փոխնախագահ Արկադի Անդրեասյանը լրագրողներին հանդիպել էին նախորդ ուրբաթ, սակայն հարկ էին համարել եւս մեկ անգամ խոսել հայկական ֆուտբոլի մասին:
Սակայն մեծ հաշվով նոր բան «Արարատի» ղեկավարները չասացին: Միակ կարեւոր նորությունը այն էր, որ «Արարատ» ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային է ներկայացրել լրացուցիչ փաստաթղթեր' արտոնագիր ստանալու համար:
Հայտնի է, որ արտոնագրման բաժինը «Արարատին» չէր տվել ՈՒԵՖԱ-ի արտոնագիր, քանի որ երեւանյան ակումբը չէր կատարել ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի ուղեցույցերի ֆինանսական որոշ պահանջներ: Այժմ «Արարատը» նոր փաստաթղթեր է ներկայացրել եւ առաջիկա օրերին սպասելու է պատասխանին:
«Արարատի» նախագահ Հրաչ Կապրիելյանը անդրադարձավ նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի սպառնալիքներին եւ մի շարք մեղադրանքներին: Կապրիելյանը Հայրապետյանին խորհուրդ տվեց «Արարատին» քննադատելու փոխարեն մտածել հայկական ֆուտբոլի զարգացման մասին: Կապրիելյանը հիշեցրեց, որ 2008 թ. սեպտեմբերին կայացած Հայաստան-Թուրքիա հանդիպումից առաջ ՀՖՖ-ն փոխեց իր խորհրդանիշը, քանի որ այն համադրված էր Արարատ լեռան պատկերով:
Հրաչ Կապրիելյանը եւ Արկադի Անդրեասյանը վրդովված էին նաեւ Հայրապետյանի այն հայտարարությունից, որում ՀՖՖ նախագահը առաջարկում էր «Արարատի» ղեկավարներին մրցավարներ հրավիրել Թուրքիայից եւ Ադրբեջանից: Այդ հայտարարությամբ Ռուբեն Հայրապետյանը մատնանշել էր այն հանգամանքը, որ Կապրելյանը եւ Անդրեասյանը ծնվել են Թուրքիայիում եւ Ադրբեջանին:
«Արարատի» ղեկավարները նշեցին, որ իրենք զտարյուն հայ են եւ ցավում են Հայաստանի ու հայկական ֆուտբոլի համար: