Առաջին մրցակիցը Վրաստանն է
Աջակցիր «Ա1+»-ինՀանդբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները Երեւանում շարունակում են նախապատրաստվել մայիսի 18-ին «Դինամո» մարզահամալիրում կայանալիք «Վարչապետի մրցանակ» միջազգային մրցաշարին: Արմեն Գեւորգյանի գլխավորած ազգային հավաքականը եւ Արարատ Բարսեղյանի գլխավորությամբ ելույթ ունեցող երիտասարդական հավաքականը սեփական հարկի տակ մրցելու են Վրաստանի եւ Իրանի հավաքականների հետ:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Աննա Մելքոնյանը «Ա1+»-ին հայտնեց, Իրանի հավաքականը Երեւան է ժամանելու է մայիսի 16-ին, Վրաստանը' 17-ին: 2 հավաքականներն էլ հանգրվանելու են «Ռեժինե» հյուրանոցում:
Մրցաշարի բացման արարողությունը տեղի է ունենալու մայիսի 18-ին, ժամը 14:30-ին: Բացման արարողությանը ներկա են լինելու վարչապետ Տիգրան Սարգսյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը: Հյուրերի թվում է նաեւ Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մայքլ Վեդերերը, որը հանդես կգա ողջույնի խոսքով: Մեկօրյա այցի ընթացքում Վեդերերը նաեւ կծանոթանա Հայաստանի հնարավորություններին: Չի բացառվում, որ հետագայում Երեւանը ընդունի ավելի խոշոր մրցաշարեր:
Մրցաշարի առաջին հանդիպումը մայիսի 18-ին կկայանա Հայաստանի եւ Վրաստանի հավաքականների միջեւ: Այս խաղից հետո ասպարեզ դուրս կգան Հայաստանի երիտասարդական հավաքականը եւ Իրանի ազգային ընտրանին:
Մայիսի 19-ին միմյանց հետ կմրցեն արդեն Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները, ապա' Վրաստանի եւ Իրանի թիմերը:
Մայիսի 20-ին Հայաստանի ազգային թիմի մրցակիցը կլինի Իրանը, իսկ Հայաստանի երիտասարդական հավաքականը ուժերը կչափի Վրաստանի հետ:
Հայաստանի հավաքականներում հիմնականում ընդգրկված են Երեւանի ՖԻՄԱ-ի եւ Վանաձորի համանուն թիմի հանդբոլիստները: