Հայաստանը' 48-րդ տեղում
Աջակցիր «Ա1+»-ինՀոկեյի միջազգային ֆեդերացիան'IIHF-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը:
Հայաստանի հավաքականը ցուցակում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը: Վարկանիշ ունեցող հավաքականների շարքում Հայաստանի ցուցանիշը վատագույնն է: Հայ հոկեյիստներն այս տարի որեւէ պաշտոնական հանդիպում չեն անցկացրել, քանի որ նախորդ տարի միջազգային ֆեդերացիայի կողմից որակազրկվել էին 1 տարով:
Վարկանիշային աղյուսակը վստահորեն գլխավորում է Ռուսաստանը, որը նախորդ կիրակի Շվեյցարիայում պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Ռուսաստանին հաջորդում է աշխարհի փոխչեմպիոն Կանադայի հավաքականը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Շվեդիան:
Լավագույն տասնյակում են նաեւ Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Շվեյցարիայի, Բելառուսի, Սլովակիայի եւ Լատվիայի հավաքականները:
Ի դեպ, աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի հավաքականի կազմում էր ընդգրկված կանադահայ Զակ Բոգոսյանը, որը ելույթ է ունենում NHL-ում: Երիտասարդ հոկեյիստով հետաքրքրված էր նաեւ Հայաստանի հոկեյի ֆեդերացիան, սակայն Բոգոսյանը այլեւս իրավունք չունի ներկայացնել Հայաստանը, քանզի ԱՄՆ-ի հավաքականի կազմում մասնակցել է պաշտոնական հանդիպումների: