Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» բողոքարկելու ժամանակ ունի

Սպորտ

Երեւանի «Արարատը» ամռանը Եվրոպայի լիգայում հանդես գալու արտոնագիր չի ստացել, քանի որ ակումբը չի կարողացել բավարարել ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի ուղեցույցերի ֆինանսական պահանջները: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՖՖ արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը:

Յուրաքանչյուր տարի ՀՖՖ-ն ակումբների հետ ձեռք է բերում արտոնագրման գործընթացի գաղտնապահության մասին պայմանավորվածություն, ուստի Առնո Սարգսյանը չէր կարող ներկայացնել բոլոր մանրամասները:

Այնուամենայնիվ Առնո Սարգսյանի հայտնեց, որ «Արարատը» դեռեւս մարտ ամսին տեղյակ է եղել ակումբում եղած ֆինանսական բացթողումների մասին. «Անկախ աուդիտորական կազմակերպության կողմից մարտ ամսին «Արարատում» կատարվել են ստուգումներ եւ ներկայացրել հաշվետվություն, որտեղ հստակ երեւում են, թե ինչ ֆինանսական խնդիրներ ունի «Արարատը»: Հաշվետությունը ստանալուց հետո «Արարատը» մարտի վերջերից մինչեւ մայիսի 1-ը կարող էր շտկել իրավիճակը»:

Արդեն 2 տարի է` ՀՖՖ-ն հայկական ակումբներին տրամադրում է 2 տեսակի արտոնագրեր` «ազգային», որով թիմերը մասնակում են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը, եւ «ՈՒԵՖԱ-ի արտոնագիր», որով հայկական թիմերը հանդես են գալիս եվրագավաթների խաղարկություններում:

«Երեւանի «Արարատի» կողմից թույլ է տրվել ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի ուղեցույցերի ֆինանսական խախտումներ: Արդյունքում ՀՖՖ արտոնագրման կոմիտեն ուղղակի պետք է մերժեր «Արարատի» արտոնագիրը»,-ասաց Առնո Սարգսյանը: «Արարատ» ակումբը մինչեւ մայիսի 15-ը կարող է բողոքարկել այս որոշումը:

«Ա1+»-ը փորձեց տեղեկություն ստանալ նաեւ «Արարատ» ակումբից, սակայն բոլոր փորձերը անցան ապարդյուն: Նախ «Ա1+»-ի նկարահանող խմբին հրավիրեցին ակումբի գրասենյակ, սակայն «Արարատի» ղեկավարները որոշեցին առայժմ զերծ մնալ պարզաբանումներ տալուց եւ հայտնեցին, որ դեռ քննարկում են արտոնագրման մերժումը, ուստի դեռ չեն որոշել հետագա անելիքները: