Հոգեբանորեն ծանր էր
Աջակցիր «Ա1+»-ինՀայ երիտասարդ թենիսիստուհիներ Աննա Մովսիսյանը եւ Օֆելյա Պողոսյանը պատրաստվում են այս տարի մասնակցել միջազգային մրցաշարերի:
Հայաստանի հավաքականի խաղացողները մտադիր են առաջիկա 1 տարվա ընթացքում բարելավել իրենց խաղամակարդակը եւ այլ տեսքով ներկայանալ Հայաստանի հավաքականի 2010 թ. ընտրական հանդիպումներին: Հայաստանի հավաքականի կազմում թենիսիստուհիներն օրերս Հայաստանի կազմում դարձել էին Եվրաաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ դիվիզիոնի հաղթող:
Աննա Մկրտչյանը նշեց, որ հաղթանակը առաջինն էր իրենց կարիերայում. «Երբ վերադարձանք Երեւան, մեզ դիմավորեցին մեծ շուքով եւ մենք շատ զգացված էինք այդ վերաբերմունքից եւ դա պարտավորեցնող է: Մենք նախորդ տարի էինք ընդգրկվել հավաքականում եւ առաջին անգամ այնքան էլ հաջող չստացվեց, քանի որ փորձ չունեինք: Իսկ այս անգամ արդեն կարողացանք հաղթահարել բոլոր արգելքները, հաջորդ տարի կփորձենք լավ արդյունքի հասնել արդեն 2-րդ դիվիզիոնում»:
Մկրտչյանը ընդգծեց, որ թենիսը անհատական խաղ է, սակայն հավաքական ներկայացնելը տարբերում է անհատական մրցումներից. «Հավաքականում դու ներկայացնում ես հանրապետություն եւ ազգային թիմում հանդես գալը հոգեբանորեն ավելի դժվար է: Եթե անհատական մրցումներում պարտվում ես, կամ հաղթում, ապա դա քո արդյունքն է, իսկ ազգային հավաքականի ելույթներով արդեն ներկայացնում ես երկիրը»:
Աննան պատրաստվում է օգոստոսին մասնակցել համաշխարհային ուսանողական խաղերին, որտեղ ելույթ են ունենալու մի շարք ուժեղագույն թենիսիստուհիները: Իսկ Օֆելյա Պողոսյանը հավանաբար շուտով կմասնակցի Թուրքիայում կայանալիք մրցաշարին:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էին նաեւ Լյուդմիլա Նիկոյանը եւ Նաիրա Խաչատրյանը: Նիկոյանը վերջին շրջանում մարզվում եւ բնակվում է Պորտուգալիայում, սակայն տեղեկություններ կան, որ հայ թենիսիստուհին պատրաստվում է բնակություն հաստատել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: