Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը թանկացել է

Սպորտ

 

Գերմանական «Տրանսֆեր Մարկետի» տվյալներով' ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված խաղացողների արժեքը վերջին ամիսներին բարձրացել է: Եթե տարեսկզբին Հայաստանի հավաքականում ելույթ ունեցող ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում էր 5,5 մլն եվրո, ապա այժմ այն կազմում է 6,9 մլն եվրո:

Այս ցուցանիշով Հայաստանը Եվրոպայում 45-րդն է: Հայ ամենաթանկ ֆուտբոլիստը կրկին Արտավազդ Քարամյանն է, որը ելույթ է ունենում ռումինական «Տիմիշոարայում»: Քարամյանի տրանսֆերի արժեքը ըստ գերմանական ընկերության' կազմել է 3,1 մլն եվրո: Տարեսկզբին Քարամյանի տրանսֆերը կազմել էր 1,8 մլն:

Արտավազդ Քարամյանը վերջին ամիսներին հաջողությամբ շարունակում է ելույթները Ռումինիայի առաջնությունում, իսկ ահա Հայաստանի հավաքականում Արտավազդը մարտի 28-ին եւ ապրիլի 1-ին Էստոնիայի հետ կայացած խաղերում աչքի չընկավ:

Աճել է նաեւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու տրանսֆերային արժեքը: Մերձմոսկովյան «Խիմկիում» ելույթ ունեցող դարպասապահի տրանսֆերը գնահատվել է 1 մլն եվրո: Ամենաթանկ հայ ֆուտբոլիստների եռյակը եզրափակում է Երեւանի «Բանանցի» կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը (600 հազար եվրո), որը տարեսկզբին Հայաստան վերադարձավ Դոնեցկի «Մետալուրգից»:

Ամստերդամի «Այաքսի» փոխարինողների կազմում հանդես եկող Էդգար Մանուչարյանի տրանսֆերը գնահատվել է կես մլն եվրո:

Եվրոպայի ամենաթանկ հավաքականը կրկին Իսպանիան է, որի խաղացողների ընդհանուր արժեքը կազմել է 451 մլն եվրո: «Եվրո-2008»-ի հաղթող Իսպանիայի կազմում ամենաթանկ ֆուտբոլիստը Խավին է' 44 մլն եվրոյով: 43 մլն եվրո է գնահատվել Ֆեռնանդո Տորրեսի տրանսֆերը:

Ռուսաստանի հավաքականը 179 մլն եվրոյով գտնվում է 8-րդ հորիզոնականում: Ռուսների ամենաթանկ ֆուտբոլիստը Լոնդոնի «Արսենալում» ելույթ ունեցող Անդրեյ Արշավինն է 24 մլն եվրո արժեքով: Հարեւան Վրաստանի հավաքականը 28,3 մլն եվրոյով 38-րդ հորիզոնականում է, իսկ Ադրբեջանը 6,3 մլն-ով զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը: