Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շատերն անակնկալի եկան

Սպորտ

«Հաղթանակը տրվեց մեծ դժվարությամբ: Պայքար էր ընթանում ամեն գնդակի համար համար, քանի որ թույլ մրցակիցներ չկային»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի թենիսի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ եւ ավագ Աննա Գասպարյանը:

Նրա գլխավորությամբ հայ թենիսիստուհիներն օրերս առաջին անգամ պատմության մեջ կարողացան հաղթահարել «Fed Cup» մրցաշարի 3-րդ դիվիզիոնի արգելքը եւ իրավունք ստացան հաջորդ տարի հանդես գալ եվրոաֆրիկյան տարածաշրջանի 2-րդ դիվիզիոնում:

Հայաստանը իր ենթախմբում Մալթայում կայացած մրցաշարում հաղթել էր բոլոր 5 մրցակիցներին' Նորվեգիայի, Եգիպտոսի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի եւ Մոլդովայի հավաքականներին: Աննա Մկրտչյանը նշեց, որ ամենաուժեղը Նորվեգիայի հավաքականն էր. «Վարկանիշով ենթախմբում Հայաստանը երրորդն էր, իսկ առաջինը Նորվեգիան էր, ապա Եգիպտոսը: Մրցաշարն էլ ցույց տվեց, որ հիմնական մրցակիցը Նորվեգիան է: Սակայն մեր մարզուհիները կամային եւ ֆիզիկական բարձր որակներ ցուցաբերեցին եւ հաղթեցին մրցակցին 3:0 հաշվով, ինչը շատերի համար անակնկալ էր»:

Հայաստանի հավաքականի կազմում էին ընդգրկված Լյուդմիլա Նիկոյանը, Աննա Մովսիսյանը, Օֆելյա Պողոսյանը, Նաիրա Խաչատրյանը: Աննա Գասպարյանը գտնվում է, որ այս կազմում ընդգրկված թենիսիստուհիները առաջիկայում կարող են բարելավվել իրենց խաղամակարդակը: «Հավաքականը ընդհանուր առմամբ երիտասարդ է: Միայն Լյուդմիլա Նիկոյանն է փորձառու եւ արդեն 30 տարեկան է, իսկ մնացած անդամները երիտասարդ տարիքի են եւ դեռ կարող են խաղամակարդակի մեծ աճ ունենալ: Համենայնդեպս ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի այս մարտական կազմը պահպանել եւ հաջորդ տարի ավելի ուժեղ դիվիզիոնում պայքարել լավ արդյունքների համար»:

Ըստ հավաքականի մարզչի' Մալթայի մրցաշարը կազմակերպչական առումով լավագույնը չէր. «Եթե մրցաշարը կայանար Հայաստանում, ապա կազմակերպչական մակարդակը լրիվ այլ կլիներ: Կային մի շարք բացթողումներ: Չկար փակ դահլիճ, որպեսզի անձրեւի ժամանակ հնարավոր լիներ այնտեղ մարզվել: Մի շարք հանդիպումներ հետաձգվեցին ուժեղ անձրեւի պատճառով»:

Հայաստանն արդեն դիմել է Թենիսի միջազգային ֆեդերացիա, հաջորդ տարի կայանալիք եվրոաֆրիկյան տարածաշրջանի 2-րդ դիվիզիոնի հանդիպումները Հայաստանում անցկացնելու համար: Պատասխանը կստացվի առաջիկայում: Հիշեցնենք, որ նախորդ տարի Երեւանը արդեն մեկ անգամ հյուրընկալել է եվրոաֆրիկյան տարածաշրջանի մրցաշար: