Անդրեասյանը դեռ չի գլխավորել
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատը» շարունակում է մարզել Աշոտ Կիրակոսյանը: Վերջինս առայժմ պաշտոնանկ չի արվել, ինչի մասին «Ա1+»-ին հայտնեցին «Արարատ» ակումբի մամուլի քարտուղարությունում:
Մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո տեղեկություններ էին տարածվել, որ Աշոտ Կիրակոսյանը պաշտոնանկ է արվել եւ նրան փոխարինել է Արկադի Անդրեասյանը: Սակայն այս տեղեկությունը ակումբում հերքեցին, նշելով, որ Աշոտ Կիրակոսյանը թիմին նախապատրաստվում է 4-րդ տուրում «Փյունիկի» հետ կայանալիք մրցավեճին: Խաղը կայանալու է ապրիլի 18-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում:
Թեեւ Արկադի Անդրեասյանը չի ստանձնել գլխավոր մարզչի պարտականությունները, սակայն նա եւս մասնակցում է մարզչական շտաբի աշխատանքներին եւ կորդինացնում է Աշոտ Կիրակոսյանի աշխատանքները: Հավանական է, որ «Փյունիկի» հետ մրցավեճից հետո Անդրեասյանը պաշտոնապես գլխավորի իր հարազատ ակումբը, որի կազմում երկար տարիներ ելույթ է ունեցել որպես ֆուտբոլիստ, ապա ծավալել մարզչական գործունեություն:
«Արարատը» 2009 թ. անցկացրել է պաշտոնական 8 հանդիպում եւ բոլոր խաղերում էլ կրել պարտություն: Նախ Աշոտ Կիրակոսյանի սաները 3 պարտությունով վերադարձան հունվարին Մոսկվայում կայացած «Համագործակցության գավաթի» խաղարկությունից, ապա 2 պարտություն կրեցին Հայաստանի գավաթի խաղարկությունում եւ դուրս մնացին հետագա պայքարից: Իսկ Հայաստանի առաջնությունում «Արարատը» պարտվել է 3 անգամ եւ չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը: Ակումբի դեռ երբեք այսքան անհաջող չէր մեկնարկել: