Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղջիկներն էլ տղաների առաջնությունում

Սպորտ

Ապրիլի 29-ին մեկնարկում են ֆուտբոլի Հայաստանի պատանեկան առաջնությունները: Այս տարի առաջնություններին մասնակցելու են Հայաստանի տարբեր բնակավայրերի 95 թիմեր:

Ինչպես միշտ ամենաակտիվը Երեւանն է, որ մեծ թվով մասնակիցներ ունի տարիքային բոլոր խմբերում, իսկ ահա Վայոց Ձորը կրկին որեւէ ներկայացուցիչ չունի պատանեկան ֆուտբոլում: Այս մարզում ֆուտբոլը ամբողջությամբ մատնված է անուշադրության:

ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի բաժանմունքից «Ա1+»-ին հայտնեցին, որ այս տարի պատանեկան առաջնությունների կմասնակցեն մի շարք նոր թիմեր: Մասնավորապես 1994 թ. ծնվածների առաջնությունում հանդես կգա Սոլակ գյուղի թիմը, 1995 թ. ծնվածների առաջնությունում ելույթ կունենան Մխչյանի, Գորիսի, Քաղցրաշենի թիմերը, որոնք նախորդ առաջնությունում բացակայում էին: Այս տարիքային խմբում ավելացել է նաեւ Աչաջուրի «Կայծը»:

Տղաների միջեւ անցկացվող առաջնություններում մասնակցելու են նաեւ Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականները: Հայաստանի կանանց ազգային հավաքականը ելույթ է ունենալու 1994 թ. ծնվածների առաջնությունում, իսկ մինչեւ 17 եւ 19 տարեկան աղջիկների միացյալ հավաքականը կխաղա 1996 թ. ծնվածների առաջնությունում: Կանանց թույլատրվել է մասնակցել առաջնություններին, քանի որ ներկայումս Հայաստանում ֆուտբոլով զբաղվող աղջիկների թիվը բավական քիչ է, ուստի կանանց առաջնություն կազմակերպել չի հաջողվում: Մինչդեռ, Հայաստանը կանանց ֆուտբոլում յուրաքանչյուր տարի պարտավոր է մասնակցել տարբեր միջազգային մրցաշարերի, ուստի հայ ֆուտբոլիստուհիներին խաղային փորձ է անհրաժեշտ:

Պատանեկան ֆուտբոլում հանդես եկող թիմերի զգալի մասը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների ներկայացուցիչներն են: Ըստ ՈՒԵՖԱ-ի արտոնագրման համակարգի ակումբները պետք է ունենան մանկապատանեկան մարզադպրոց եւ թիմեր: Առավել շատ թիմեր պատանեկան առաջնություններում ունեն «Փյունիկը», «Բանանցը» եւ «Միկան», որոնց հաջորդում է «Արարատը»:

Ֆեդերացիայից տեղեկացանք նաեւ, որ պատանեկան առաջնությունների մասնակից թիմերից միայն  1992 թ. ծնվածներն են մուծում անդամավճար: Այս տարիքային խմբի առաջնության 12 մասնակից թիմերը վճարելու են ընդամենը 20 հազար դրամ: Իսկ ահա մյուս տարիքային թիմերը առաջնություններին մասնակցելու են անվճար: