Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմանի հերթական ոսկին

Սպորտ

78 կգ քաշային հայ թաեքվանդոյիստ Արման Երեմյանը ոսկե մեդալի է արժանացել Իրանում ավարտված «Արեւածագի 10 օր» ավանդական մրցաշարում: Երեմյանը ոսկե մեդալի էր արժանացել նաեւ 2008 թ. Եվրոպայի առաջնությունում:

Թաեքվանդոյի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ Երեմյանը Իրանում հաղթել է Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Կորեայի ներկայացուցիչներին եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչին:

«Ա կարգի մրցաշարերում Հայաստանը առաջին անգամ էր արժանանում ոսկե մեդալի, ինչը մեծ նվաճում է մեզ համար: Մրցաշարին մասնակցում էին Ասիայի ուժեղագույն հավաքականները»,-նշեց Գեւորգ Դանիելյանը:

Մարզիչը գոհ էր նաեւ 84 կգ քաշային Արամ Սահակյանի ելույթից, որը հաղթելով Քուվեյթի եւ Իրանի ներկայացուցիչներին դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ զիջել էր կորացի մրցակցին: Հայաստանի հավաքականում Իրանում ասպարեզ են դուրս եկել 6 մարզիկներ:

Գեւորգ Դանիելյանը նշեց, որ Արման Երեմյանի ջանքերով պարսկական «Ջավանե» ակումբը Իրանի բարձրագույն լիգայում վերջերս գրավել է 2-րդ հորիզոնականը: Երեմյանը վերջին շրջանում ելույթ է ունենում «Ջավանեի» հիմնական կազմում:

Հայաստանի հավաքականի հետ միասին Իրան էր մեկնել նաեւ երիտասարդական հավաքականը, որը անցկացրել է ուսումնամարզական հավաք' նախապատրաստվելով մայիսին Շվեդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Իսկ ապրիլի 22-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կկայանա Հայաստանի մեծահասակների, ապա կադետների (պատանիների) առաջնությունները: Մեծահասակների պայքարում ասպարեզ դուրս կգան մոտ 50 թաեքվանդոիստներ, իսկ կադետների առաջնության մասնակիցների թիվը հասնում է 80-ի: Առաջնություններին հիմնականում կմասնակցեն Երեւանի, Աշտարակի, Իջեւանի, Նոյեմբերյանի, Սեւանի, Հրազդանի, Աբովյանի եւ Քաջարանի ներկայացուցիչները: